Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Գերագույն ռադայի կողմից ընդունված օրենքը, որը նախատեսում է զինվորական հարկի գանձման ժամկետի երկարաձգում և տոկոսաչափի պահպանում պատերազմի ավարտից հետո։ Ըստ նոր օրենքի՝ Ուկրաինայի քաղաքացիների աշխատավարձերից և այլ եկամուտներից 5% զինվորական հարկի գանձումը կշարունակվի նաև ռազմական դրության չեղարկումից հետո՝ առնվազն երեք տարի ժամկետով։ Այս մասին հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները:
Հինգ տոկոս հարկը սահմանվել էր դեռևս 2024 թվականի նոյեմբերին (նախկին 1,5%-ի փոխարեն)՝ բյուջեի դեֆիցիտը փակելու և ռազմական ծախսերը հոգալու նպատակով։ Տուրքը գանձվում է բոլոր քաղաքացիներից, բացառություն են զինվորականները:
Օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել 257 պատգամավոր։ Ըստ խորհրդարանականների՝ սա թույլ կտա ապահովել պաշտպանության ոլորտի կայուն ֆինանսավորումը, միջոցներ կուտակել հետպատերազմյան վերականգնման և քանդված ենթակառուցվածքների վերակառուցման համար, ստեղծել հատուկ բյուջետային հիմնադրամ, որտեղ կկուտակվեն բացառապես այս հարկից ստացված միջոցները։
Հիշեցնենք, որ զինվորական հարկն Ուկրաինայում առաջին անգամ ներդրվել է 2014 թվականին՝ երկրի արևելքում սկսված հակամարտության ֆոնին բանակի կարիքները հոգալու համար։ Տարիներ շարունակ այն կազմել է եկամտի 1,5%-ը, սակայն լայնամասշտաբ պատերազմի և տնտեսական ծանր վիճակի պատճառով իշխանությունները բարձրացրել են հարկային բեռը։








