Վրաստանի խորհրդարանի ընթացակարգային հարցերի և կանոնակարգի հանձնաժողովի նախագահ Դավիթ Մաթիկաշվիլին անդրադարձել է Եվրամիության կողմից Սև ծովի ստորջրյա մալուխի նախագծին «փոխադարձ հետաքրքրության նախագծի» կարգավիճակ շնորհելու որոշմանը: Նրա խոսքով՝ այս նախագծի իրականացումը լավ հիմք կհանդիսանա, որպեսզի տնտեսական տեսանկյունից նշանակալի նախագծերը ստիպեն եվրոպացի քաղաքական գործիչներին ուշադրություն դարձնել այն փաստի վրա, որ «վրացիների հետ երկակի ստանդարտներով աշխատել չեն կարող»: Փոխանցում է վրացական Imedi-ին:
«Ակնհայտ է, որ այն էներգիան, որն այս մալուխի միջոցով հասանելի կդառնա Եվրամիության համար, կմեծացնի նրանց էներգետիկ անկախությունը, ինչը քաղաքական տեսանկյունից չափազանց կարևոր է: Այս իրողության մեջ աշխարհագրությունը ոչ ոք չի կարող հերքել, Վրաստանի աշխարհագրական դիրքը ոչ մի տեղ չի անհետանա: Մեր եվրոպացի գործընկերների համար էլ ավելի մտածելու առիթ կլինի այն, որ առանց Վրաստանի հետ գործընկերության՝ Միջին միջանցքի գործարկումը և եվրոպական ժողովուրդների համար օգտակար տնտեսական նախագծերի իրականացումը կլինի շատ բարդ և նույնիսկ գործնականում անհնարին», – հայտարարել է Մաթիկաշվիլին:








