Միջազգային տրանսպորտային նախագծերին Հայաստանի ներգրավվածությունը ոչ միայն լոգիստիկ հարց է, այլև երկրի տնտեսական կայունության երաշխիք և քաղաքական ռազմավարական առաջնահերթություն։ Նման կարծիք է հայտնել ԱԶԲ Ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Զաբոևը՝ ելույթ ունենալով «Տարածաշրջանային զարգացումները և «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հեռանկարները» խորագրով քննարկմանը։
Զաբոևը նշել է, որ Հայաստանի տնտեսությունն այսօր գտնվում է խոցելի վիճակում՝ կախված լինելով մեկ կամ սահմանափակ տրանսպորտային ուղիներից, օրինակ՝ Վերին Լարսի անցակետից, և ցանկացած խափանում այդ ուղիներում սպառնում է ամբողջ առևտրի կանգին։ Ըստ նրա՝ միջազգային նախագծերին ներգրավվելը և ուղիների դիվերսիֆիկացումը, այդ թվում՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի միջոցով դառնում է տնտեսական կայունության միակ երաշխիքը, որը թույլ կտա խուսափել լոգիստիկ մեկուսացումից։
Բանախոսը շեշտել է, որ տրանսպորտային կապակցվածության բարձրացումը բոլոր պետությունների համար այսօր քաղաքական առաջնահերթություն է։ Նա նշել է, որ Հայաստանի քաղաքական ուղեգիծը պետք է ուղղված լինի միջազգային խոշոր՝ Հյուսիս-Հարավ, Արևելք-Արևմուտք միջանցքների հատման կետում դիրքավորվելուն․ դա թույլ կտա երկրին ոչ թե լինել լոգիստիկ շղթայի վերջնակետում, այլ դառնալ ակտիվ տարանցիկ հաբ։
Ըստ Զաբոևի՝ Հայաստանի ներգրավվածությունը միջազգային հարթակներում ինչպիսիք են ՄԱԿ-ի տրանսպորտային ծրագրերը, TRACECA-ն և այլն ռազմավարական անհրաժեշտություն է, քանի որ այն հնարավորություն է տալիս ստանալ միջազգային աջակցություն, ներգրավել խոշոր ներդրումային բանկերի միջոցները և համապատասխանեցնել երկրի ստանդարտները համաշխարհայինին, ինչն էլ իր հերթին ամրապնդում է Հայաստանի դիրքերը տարածաշրջանում։ Նա հայտնել է, որ ԵԱԶԲ-ն արդեն իսկ Հայաստանում իրականացնում կամ պլանավորում է շուրջ 5 միլիարդ դոլարի նախագծեր։ Զաբոևի խոսքով՝ սա փաստում է, որ տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումը դիտարկվում է որպես պետության զարգացման ամենահեռանկարային և ռազմավարական ուղղությունը, որն ուղղակիորեն ազդում է բիզնեսի արդյունավետության և երկրի ՀՆԱ-ի աճի վրա։







