ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը Կառավարության քննարկմանն է ներկայացրել աջակցության ծրագիր, որով հայ տնտեսվարողները կկարողանան իրենց արտադրանքն արտահանել ԵՄ շուկա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Կառավարությունը նման որոշում է կայացրել ՌԴ կողմից հայկական մի շարք ապրանքների ներմուծումը սահմանափակելու ֆոնին։
ՀՀ էկոնոմիկայի նախարարը, պատասխանելով հարցին, թե որքանով է իրատեսական Եվրամիություն հայկական ապրանքների արտահանումը՝ հաշվի առնելով Եվրոպայի ստանդարտները և հայկական ապրանքների որակը, նշել է.
«Շատ իրատեսական է, որովհետև մեր արտահանելի պտուղ-բանջարեղենն ունի «Global Gap» սերտիֆիկատ, որն ամենաբարձր կարգի սերտիֆիկատներից մեկն է։ Այսինքն, դա այն է, ինչ եվրոպական սուպերմարկետներում վաճառվում է։ Բայց այստեղ կան այլ ծախսեր, օրինակ, տրանսպորտային ծախսերը։ Ես մեկ օրինակ բերեմ. մենք արտադրում ենք ելակն այն նույն տեխնոլոգիաներով, մեթոդներով և նույն ջերմատներում, որոնք Եվրոպայում են։ Տարբերությունը ո՞րն է, տարբերությունն այն է, որ ֆրանսիացին, օրինակ, հոլանդացի ֆերմերից սածիլը գնում է, 200 կիլոմետր տեղափոխում է, տնկում է, հետո 200 կիլոմետր էլ տեղափոխում է ելակն ու վաճառում։ Այդտեղ ծախսը կարող է լինել մաքսիմում 500 դոլար։ Մեր պարագայում մենք 8000 դոլար պետք է տանք, սածիլը բերենք հասցնենք այստեղ, հետո մի հատ 8000 դոլար էլ պետք է տանք, որ ելակը հասցնենք Եվրոպա, դեռ 8.8-14 տոկոս էլ մաքսատուրք պետք է տանք։
Ժամանակին ասում էին, թե մենք ԵԱՏՄ ենք մտնում, որովհետև մեր միրգ-բանջարեղենը միայն ՌԴ են մտնում։ Այդպիսի բան հիմա չկա, այդ ստանդարտներն արդեն ԵԱՏՄ-ում էլ են ամենաբարձրը, ԵՄ-ում էլ են ամենաբարձրը, ու մեր ապրանքներն էլ այդ ամենաբարձր ստանդարտներին համապատասխանում են։ Հիմա տրանսպորտային հարցերն են մնացել, դրա հետ կապված փոխհատուցման ծրագիր ենք այսօր ներկայացրել Կառավարություն, կսուբսիդավորենք մեր գյուղմթերք արտահանողներին, որպեսզի նրանք կարողանան մրցունակ գներ առաջարկել եվրոպական շուկային»։
Նախարարի ընդգծմամբ՝ Կառավարությունն այդ աջակցության ծրագրով պատրաստվում է մեծ գումարներ ծախսել, որպեսզի տնտեսվարողները չտուժեն։ «Շատ մեծ գումարներով աջակցելու ենք, ամեն ապրանքային ուղղությամբ հաշվել ենք փոխհատուցման ծախսերը։ Օրինակ՝ ծաղիկի դեպքում մինչև տարվա վերջ՝ 5.5 միլիոն դոլար, լոլիկի դեպքում՝ 3.5 միլիոն դոլար, 3.5 միլիոն դոլար պղպեղի դեպքում»,- ասել է նախարարը։
Ըստ Պապոյանի՝ հայ տնտեսվարողները կարող են ապրանք արտահանել «եվրոպական բոլոր երկրներ՝ սկսած Հունաստանից վերջացրած Գերմանիայով»։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկողության դաշնային ծառայությունը («Ռոսսելխոզնադզոր») հայտարարել էր, որ 2026 թվականի հունիսի 2-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծման նկատմամբ։ Ռուսական գերատեսչությունը որոշումը հիմնավորել էր բուսասանիտարական պահանջների խախտումներով և հայկական արտադրանքի մատակարարումների ընթացքում արձանագրված խախտումների աճով։
Մինչ այդ Ռուսաստանը սահմանափակել էր նաև Հայաստանից լոլիկի, վարունգի, պղպեղի, ելակի ներմուծումը։ Հայաստանից ծաղիկների, ձկնամթերքի, ալկոհոլային որոշ խմիչքների, «Ջերմուկ» հանքային ջրերի ներմուծումը ՌԴ այս պահին արգելված է։







