Իրանը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցն իր համար «կարմիր գիծ» է և զգուշացրել, որ եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իրականացնի Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու իր սպառնալիքը, ապա Թեհրանը կհարվածի Պարսից ծոցի տարածաշրջանի բոլոր մնացած կարևոր ենթակառուցվածքներին։ Այս մասին հայտնում է «Reuters»-ը։
Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հինգերորդ գիշերն անընդմեջ հարվածներ է հասցրել Իրանի տարածքին և վերականգնել իրանական նավահանգիստների ծովային շրջափակումը՝ ընդգծելով, որ այդ քայլը նպատակ ունի վերաբացել Իրանի կողմից փակված Հորմուզի նեղուցը։
Իրանի բանակի խոսնակ, բրիգադի գեներալ Մոհամմադ Աքրամինիան հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը, որով մինչև պատերազմի սկիզբն իրականացվում էր համաշխարհային նավթագազային փոխադրումների շուրջ 20 տոկոսը, Իրանի համար անխախտ «կարմիր գիծ» է։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն սխալմամբ կարծում է, թե երկրի հարավային ռազմաբազաներին հարվածելով կարող է վերահսկողություն հաստատել ռազմավարական նեղուցի նկատմամբ։ «Իրանի Իսլամական Հանրապետությունն ունակ է վերահսկել Հորմուզի նեղուցը երկրի ցանկացած կետից, և դա երբեք կախված չի եղել միայն ափերից կամ կղզիներից»,- նշել է Աքրամինիան։
Իրանի բանակը հայտարարել է նաև, որ կշարունակի դիմադրել «մինչև վերջ» և չեզոքացնել տարածաշրջանում ԱՄՆ-ի գործողությունները։ Թեհրանը պնդում է, որ Հորմուզի նեղուցի վերաբացման միակ ճանապարհը հունիսին ստորագրված 14 կետից բաղկացած փոխըմբռնման հուշագրի իրականացումն է և նեղուցում Իրանի սահմանած նավարկության կանոնների պահպանումը։
Ի պատասխան Թրամփի հայտարարության, թե հաջորդ շաբաթ կարող են թիրախավորվել Իրանի էլեկտրակայաններն ու կամուրջները, Աքրամինիան զգուշացրել է, որ նման դեպքում Իրանի զինված ուժերը կհարվածեն տարածաշրջանի «բոլոր մնացած ենթակառուցվածքներին», և պատասխանն ավելի լայնածավալ ու ավերիչ կլինի, քան նախորդ գործողությունները։
Իրանը նաև հայտարարել է, որ հարվածներ է հասցրել ԱՄՆ ռազմաբազաներին Քուվեյթում և Հորդանանում՝ զգուշացնելով հարևան երկրներին, որ եթե նրանք իրենց տարածքը տրամադրեն ԱՄՆ-ին Իրանի դեմ գործողությունների համար, ապա դա անպատասխան չի մնա։
Իրանի բանակի տվյալներով՝ բալիստիկ հրթիռներով թիրախավորվել է Հորդանանի «Ալ Ազրաք» ավիաբազան, իսկ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ ոչնչացրել է Քուվեյթի «Ալի Ալ Սալեմ» ավիաբազայի արբանյակային կապի կենտրոնն ու վաղ նախազգուշացման ռադարները, ինչպես նաև ամերիկյան ռազմական նավահանգիստը Ալ Շուայբայի շրջանում։
Միաժամանակ Բահրեյնի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երկրի հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են թագավորության ուղղությամբ արձակված իրանական մի շարք օդային թիրախներ։
Վերլուծաբանների գնահատմամբ՝ լարվածության նոր սրացումը մեծացնում է տարածաշրջանում լայնածավալ պատերազմի վերսկսման վտանգը։ Նրանք նաև նշում են, որ Իրանը կարող է օգտագործել Եմենի հութիներին՝ փակելու Բաբ էլ-Մանդեբ նեղուցը, ինչը վտանգի տակ կդնի համաշխարհային էներգետիկ փոխադրումների ևս մեկ կարևոր ուղի։








