Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող Սուրբ Կարապետ հայկական գերեզմանատան վրա հարձակման դեպքով մեղադրական եզրակացությունն արդեն պատրաստ է: Առաջին դատական նիստը նշանակվել է օգոստոսի 20-ին: Այս մասին հայտնում է «Ակոս» շաբաթաթերթը:
Դեպքը տեղի էր ունեցել հուլիսի 7-ի լույս 8-ի գիշերը. անհայտ անձը վնասել էր վեց գերեզմանաքար ու մեկ աղբյուր: Հայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ահազանգից հետո ոստիկանությունը ձերբակալել էր 55-ամյա Մուհարրեմ Քյունին, որն ավելի ուշ դատարանի որոշմամբ կալանավորվել էր:
Դատախազությանը տված ցուցմունքում Քյունն ընդունել է մեղքը՝ նշելով, որ անօթևան է, ապրում է փողոցում, որևէ մեկի դրդմամբ կամ հրահանգով չի գործել և զղջում է արածի համար:
Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել Թուրքիայի քրեական օրենսգրքի 153/1 հոդվածով (պաշտամունքի վայրերն ու գերեզմանատները վնասելը), որով նախատեսվում է 1-ից 4 տարվա ազատազրկում:
Սկյուտարի Սուրբ Կարապետ եկեղեցու հիմնադրամն իր հերթին հայտնել է, որ վնասված գերեզմանաքարերն ու աղբյուրն արդեն ամբողջությամբ վերանորոգվել են:







