Ուկրաինայի արտգործնախարար Անդրիյ Սիբիհան Կիևում հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Հանդիպումից հետո Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է անհրաժեշտության դեպքում գազ մատակարարել Ուկրաինային՝ հավելելով․ «Մեր երկրներին միավորում է ռազմավարական գործընկերությունը, որը հիմնված է բարեկամության և փոխշահավետ համագործակցության սկզբունքների վրա»։
Անդրիյ Սիբիհան իր հերթին հայտնել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ և միջազգային օրակարգի առանցքային հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանային անվտանգությունը, տնտեսական և էներգետիկ համագործակցությունը, ինչպես նաև Ադրբեջանի ներդրումը Ուկրաինայի վերականգնման գործում:
Ուկրաինայի ԱԳ նախարարը նշել է, որ հանդիպումը «ևս մեկ կարևոր քայլ է երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման ճանապարհին»։
Սիբիհան նաև շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին՝ «Ռուսաստանի հետ պատերազմի առաջին օրերից ցուցաբերած մարդասիրական աջակցության համար, մասնավորապես՝ Ուկրաինայի էներգետիկ կայունության ապահովման, կարևոր ենթակառուցվածքների վերականգնման և վերակառուցման աշխատանքներին նպաստելու ուղղությամբ»։
Նա նաև ընդգծել է, որ Ուկրաինան բարձր է գնահատում Ադրբեջանի «հետևողական աջակցությունը» Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ «Վստահ եմ, որ մեր բարեկամությունը, փոխադարձ վստահությունն ու ռազմավարական գործընկերությունը կշարունակեն զարգանալ՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների»,- շեշտել է Ուկրաինայի արտգործնախարարը։








