Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելյալը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում Թուրքիային առնչվող երկու նավերի վրա տեղի ունեցած հարձակումների պատճառով։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:
Հարձակումները տեղի են ունեցել օգոստոսի 26-ին և 27-ին։ Թիրախավորվել են «Lider Bordo Mavi» և «Lider Kocatepe» բեռնատար նավերը։ Հայտնի չէ՝ հարձակումների հետևանքով զոհեր կամ վիրավորներ եղել են, թե ոչ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկել էր պայմանավորվել Սև ծովում նավերի վրա հարձակումների ժամանակավոր դադարեցման շուրջ։
Անկարան կողմերին կոչ էր արել ստեղծել մեխանիզմ, որը թույլ կտար կանխել Սև ծովում նավերի վրա հարձակումները։ Թուրքիայի իշխանությունների տվյալներով՝ վերջին շրջանում հարձակումների են ենթարկվել նաև թուրքական ընկերություններին պատկանող կամ թուրքական անձնակազմ ունեցող այլ նավեր։







