Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 31-ին Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում, հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնել է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը։
Ըստ հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովի, ինչպես նաև Փաշինյանի և Ալիևի կողմից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վկայությամբ ստորագրված համատեղ հռչակագրի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրման պատմական նշանակությունը։
Կողմերը խաղաղության ամրապնդման կարևոր գործնական դրսևորումներ են համարել ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան, հացահատիկի և երրորդ երկրներից ծագող այլ ապրանքների՝ Ադրբեջանի տարածքով Հայաստան տարանցումը, ինչպես նաև երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների հաստատումը։
Փաշինյանն ու Ալիևը ողջունել են նաև երկու երկրների գործարար համայնքների միջև շփումները և քննարկել փոխշահավետ տնտեսական, առևտրային ու էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով համապատասխան պետական հանձնաժողովների աշխատանքը շարունակելու կարևորությունը՝ ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան։
Կողմերն անդրադարձել են նաև Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի արդյունքում ձևավորված «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախաձեռնության իրականացման հետագա քայլերին՝ կարևորելով դրա շրջանակում կապակցվածության նախագծերի իրականացումը։
Փաշինյանն ու Ալիևը դրական են գնահատել նաև խորհրդարանականների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ վստահության ամրապնդմանն ուղղված շփումները՝ դրանք կարևոր համարելով փոխադարձ վստահության և խաղաղության օրակարգի առաջմղման համար։
Հանդիպման ավարտին Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը պայմանավորվել են շարունակել անմիջական երկխոսությունը՝ ուղղված տևական խաղաղության ամրապնդմանը, միջպետական հարաբերությունների կարգավորմանն ու տարածաշրջանային կապակցվածության խորացմանը։







