ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանն անվանել է «ձախողված պետություն»՝ պնդելով, որ երկիրը գտնվում է խորը համակարգային ճգնաժամի մեջ։ Այս մասին նա գրել է «Truth Social»-ում։
Թրամփի խոսքով՝ Իրանը չունի ռազմածովային և ռազմաօդային լիարժեք ուժեր, երկրի ազգային արժույթը անկայուն է, իսկ զինվորականների և ոստիկանների աշխատավարձերի վճարումները ուշանում են։ Նա նաև հայտարարել է, որ Իրանում գնաճը հասել է 300 տոկոսի։ ԱՄՆ նախագահը կոշտ քննադատության է ենթարկել նաև Իրանի իշխանություններին՝ նրանց մեղադրելով երկրում բողոքի ցույցերի նկատմամբ բռնություն կիրառելու և միջազգային հարթակում երկիրը ոչ պատշաճ ներկայացնելու մեջ։ Թրամփը նաև հայտարարել է, որ բողոքի ցույցերի ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 100 հազարը՝ կոչ անելով Իրանի ղեկավարությանը պատասխանատվության ենթարկել ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար։
Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին Իրանն ու ԱՄՆ-ը փոխադարձ հարվածներ են հասցրել։ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտնել է Իրանի այն հրթիռային կայանների ուղղությամբ հարվածների մասին, որոնք, ըստ ԱՄՆ-ի, օգտագործվել են Հուրմուզի նեղուցում ականապատման համար։
Իր հերթին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է Հորդանանում և Արաբական Միացյալ Էմիրություններում ամերիկյան ռազմական օբյեկտների ուղղությամբ հարվածների մասին։







