Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախյան 44-օրյա պատերազմի դադարեցման մասին 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության մեկամյակի վերաբերյալ:
«2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի անմիջական մասնակցությամբ և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ Արցախի և նրա ժողովրդի դեմ սանձազերծված ագրեսիան կանգնեցնելու նպատակով նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահի միջնորդությամբ ստորագրվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին եռակողմ հայտարարությունը, որի հիման վրա Արցախում տեղակայվեցին ՌԴ խաղաղապահ ուժեր։
Այսօր մենք կրկին գլուխ ենք խոնարհում այն քաջարի հայորդիների առջև, որոնք իրենց կյանքը չխնայեցին հանուն հայ ժողովրդի ապրելու և իր ապագան կերտելու իրավունքի՝ թույլ չտալով իրականացնել ագրեսիան սանձազերծողների՝ Արցախն ամբողջովին հայաթափելու մտադրությունը:
44-օրյա պատերազմը, որն ուղեկցվում էր Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների լայնածավալ խախտումներով, քաղաքացիական ենթակառուցվածքների և մշակութային հուշարձանների միտումնավոր թիրախավորմամբ, արգելված զինատեսակների կիրառմամբ և պատերազմական այլ հանցագործություններով, հանգեցրեց հազարավոր զոհերի և տասնյակ հազարավոր վիրավորների, տեղահանվածների և ավերածությունների։ Պատերազմի հետևանքով Արցախի մի շարք շրջաններ ենթարկվեցին էթնիկ զտման, իսկ բնակչությունը դարձավ Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների և զանգվածային ոճրագործությունների զոհ: Մասնավորապես՝ պատերազմի հետևանքով 40 հազար մարդ զրկվել է տնից և ունեցվածքից, ավերվել են ավելի քան 17 000 քաղաքացիական օբյեկտներ ու ենթակառուցվածքներ, հարյուրավոր քաղաքացիական անձինք սպանվել կամ վիրավորվել են, իսկ շատերի ճակատագիրը դեռևս մնում է անհայտ:
Հայաստանը և Արցախը հետևողականորեն կյանքի են կոչել եռակողմ հայտարարության դրույթները, մինչդեռ եռակողմ հայտարարության ստորագրումից ընդամենը մեկ ամիս անց՝ ի հեճուկս ստորագրման պահին զբաղեցրած դիրքերում կանգ առնելու հանձնառության, Ադրբեջանի զինված ուժերը ներխուժեցին Արցախի Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը՝ սպանելով ու գերեվարելով հայ զինծառայողների։ Ավելին՝ փաստաթղթում նշված շրջաններից հայկական զորքերի դուրսբերումից հետո ադրբեջանական կողմը պատասխանեց այդ նույն տարածքներից ՀՀ ինքնիշխան տարածք իր զինված ուժերի ներթափանցմամբ և շարունակվող ապօրինի տեղակայմամբ։
Ադրբեջանը դեռևս չի իրականացրել նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը՝ պատանդառության մեջ պահելով բազմաթիվ հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչը ոչ միայն եռակողմ հայտարարության, այլև միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է։
Պարբերական բնույթ են կրում ադրբեջանական զինված ուժերի կողմից եռակողմ հայտարարությամբ ամրագրված կրակի դադարեցման ռեժիմի խախտումները, որոնք ուղեկցվում են ոչ միայն Հայաստանի զինված ուժերի և Արցախի պաշտպանության բանակի դիրքերի, այլև խաղաղ բնակավայրերի ու քաղաքացիական անձանց թիրախավորմամբ՝ հանգեցնելով և՛ մարդկային, և՛ նյութական կորուստների։
Միտումնավոր խեղաթյուրելով և կամայականորեն մեկնաբանելով 2020թ․ նոյեմբերի 9-ի և 2021թ․ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների՝ տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ դրույթները՝ Ադրբեջանը շրջանառում է, այսպես կոչված, «միջանցքի» գաղափարը և սպառնում ուժի կիրառմամբ, ինչը ոչ միայն հակասում է նշված հայտարարությունների տառին և ոգուն, այլև միտված է տարածաշրջանում լարվածության նվազեցմանն ուղղված ջանքերի խաթարմանը:
Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից բացահայտ կերպով վարվող շարունակական հայատյաց քաղաքականությունը, ուժի կիրառման արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում էթնիկ զտումները, հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացումն ու պղծումը, ինչպես նաև միջազգային մարդասիրական կազմակերպությունների՝ Արցախ մուտքի խոչընդոտումը վկայում են, որ Արցախի հայության՝ իրենց հայրենի հողում անվտանգ և արժանապատիվ ապրելու իրավունքի երաշխավորումն անհնար է Ադրբեջանի իրավասության կամ վերահսկողության ներքո։
Ադրբեջանի կողմից Արցախի և նրա ժողովրդի դեմ ուժի կիրառման հետևանքով ձևավորված իրողությունները չեն կարող հիմք հանդիսանալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար: Ադրբեջանի այն պնդումները, թե պատերազմի արդյունքում միջազգային ասպարեզում այլևս գոյություն չունի ոչ միայն ԼՂ հակամարտությունը, այլև Լեռնային Ղարաբաղը, նույնպես նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտում է, քանի որ հենց եռակողմ հայտարարության մեջ Լեռնային Ղարաբաղը ներկայացված է որպես տարածքային միավոր:
Միայն 2020թ․ նոյեմբերի 9-ի և 2021թ․ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների լիակատար իրագործումը, մասնավորապես` առաջնային կարևորություն ունեցող հումանիտար խնդիրների հրատապ կարգավորումը, նախ և առաջ՝ բոլոր ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց անվերապահ հայրենադարձումը, անհայտ կորած անձանց ճակատագրի բացահայտումը և բռնի անհետացումների դեպքերի հետաքննությունը, հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանությունը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի լիարժեք վերականգնումը կարող են նախադրյալներ ստեղծել տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության ապահովման համար։
Հակամարտության համապարփակ և տևական լուծումը հնարավոր է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո խաղաղ բանակցությունների միջոցով, ինչը ենթադրում է Արցախի կարգավիճակի հստակեցում և տեղահանված արցախահայության՝ Արցախի ողջ տարածքում իրենց բնակավայրեր անվտանգ վերադարձի ապահովում և Արցախի ժողովրդի՝ իր բնօրրանում ազատ ու արժանապատիվ ապրելու իրավունքի իրացում՝ հիմնված ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքի վրա:
Հայաստանը վերահաստատում է իր պատրաստակամությունը գործնական ջանքեր գործադրելու տարածաշրջանում իրավիճակի լիցքաթափման, քայլ առ քայլ թշնամանքի մթնոլորտի հաղթահարման, տարածաշրջանում կայունություն և խաղաղ զարգացման դարաշրջանի բացման ուղղությամբ։ Միաժամանակ գործընթացի արդյունավետության համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանը ևս կառուցողական դիրքորոշում որդեգրի՝ հրաժարվելով հայատյացության, ագրեսիվ հռետորաբանության և գործողությունների իր քաղաքականությունից»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ: