Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժումը կարծում է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կփորձի խոչընդոտել Գազայի հատվածում հրադադարի շուրջ համաձայնագիրը։
«Մենք կցանկանայինք զգուշացնել. Նեթանյահուն կարող է փորձել խոչընդոտել ներկայիս բանակցությունները և խափանել դրանք, ինչպես որ խափանեց նախորդ փուլերը»,-ասել է շարժման քաղաքական բյուրոյի անդամ և խոսնակ Ֆաուզի Բարհումին։
Նրա խոսքով, շարժումը «պատասխանատու մոտեցում է ցուցաբերել ստացված բոլոր առաջարկների ուսումնասիրությանը, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մշակված վերջին ծրագրին»։
Բարհումը հայտարարել է, որ «ՀԱՄԱՍ»-ը դեռևս պնդում է Գազայում լիակատար և մշտական հրադադարի, այնտեղից իսրայելական զորքերի դուրսբերման, իսրայելցի պատանդների՝ պաղեստինցի գերիների հետ «արդար փոխանակման», անկլավի վերականգնման, այնտեղ մարդասիրական օգնության մուտքի և պաղեստինցիների՝ հյուսիսային հատվածում գտնվող իրենց տներ վերադառնալու անհրաժեշտությունը։
Նշենք, որ հոկտեմբերի 6-ի երեկոյան Շարմ էլ Շեյխում վերսկսվել են Իսրայելի և «ՀԱՄԱՍ»-ի պատվիրակությունների միջև ոչ ուղիղ բանակցությունները: Միջնորդում են Եգիպտոսի և Կատարի ներկայացուցիչները, իսկ Միացյալ Նահանգները ներկայացնում են նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Վիտկոֆը և Թրամփի ավագ խորհրդական Ջարեդ Քուշները:







