Հունիսի 10-ի գիշերը Իրանն ու ԱՄՆ-ն կրկին փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց: Էսկալացիայի այս նոր ալիքը հաջորդել է հունիսի 9-ին Հորմուզի նեղուցի մերձակայքում ամերիկյան Apache ռազմական ուղղաթիռի կործանմանը, որի խոցման մեջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Թեհրանին։
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ ի պատասխան ուղղաթիռի ոչնչացման՝ խոցվել են Հորմուզի նեղուցի մոտակայքում գտնվող իրանական ՀՕՊ օբյեկտներ, ցամաքային կառավարման կետեր և ռադարային կայաններ։ Ըստ իրանական կողմի՝ Վաշինգտոնը հարձակվել է երկրի հարավային մի քանի շրջանների վրա, մասնավորապես՝ Ջասկի, Սիրիկի և Ղեշմ կղզու։ Հարվածների հետևանքով Սիրիկում վնասվել է հեռահաղորդակցության մեկ աշտարակ, իսկ Բամանի շրջանում ոչնչացվել է ջրի երկու ռեզերվուար։
Միաժամանակ Թեհրանը չի հաստատել իր առնչությունը ամերիկյան ուղղաթիռի կործանմանը՝ ԱՄՆ-ի պատճառաբանությունները որակելով «շինծու»։ Ի պատասխան ամերիկյան հարձակման՝ ԻՀՊԿ ռազմածովային ուժերը անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Բահրեյնում գտնվող ԱՄՆ Հինգերորդ նավատորմի տեղակայման վայրին և Քուվեյթի «Ալ-Սալեմ» ռազմաբազային։ ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից գործողությունների շարունակման դեպքում տարածաշրջանում ամերիկյան օբյեկտներին կհասցվեն ավելի հուժկու հարվածներ։








