ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ երկրաբանական ծառայության (USGS) միջազգային ծրագրերի գրասենյակի տնօրեն Ուիլյամ Քաննինգհեմի հետ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՄՆ-ի փորձը երկրաբանական ծառայության ձևավորման և զարգացման գործում, ինչպես նաև այդ փորձի հիման վրա հայ-ամերիկյան համագործակցության հնարավոր ուղղությունները։
Կողմերն անդրադարձել են նաև հազվագյուտ և կրիտիկական հանքանյութերի հայտնաբերման, արդյունահանման և մշակման ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարներին՝ ընդգծելով այս ուղղության ռազմավարական նշանակությունը։
Զրույցի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել մայիսին ստորագրված Հայաստան-ԱՄՆ Համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությանը, ինչպես նաև կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման, մշակման ու մատակարարման ապահովման վերաբերյալ շրջանակային հուշագրին։
Դեսպանությունից նշել են, որ քննարկումները նպատակ ունեն խորացնելու հայ-ամերիկյան համագործակցությունը ռազմավարական նշանակություն ունեցող հանքային ռեսուրսների ոլորտում և խթանելու փորձի փոխանակումն ու համատեղ ծրագրերի իրականացումը։








