Ռուսաստանը հույս ունի, որ 2025 թվականի ամռանը Ադրբեջանում կալանավորված 11 ռուսաստանցիները մոտակա ժամանակում կազատվեն։ Այս մասին «RTVI»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։
Նրա խոսքով՝ այդ հարցը շարունակում է քննարկվել Ռուսաստանի և Ադրբեջանի համապատասխան կառույցների միջև, ինչպես նաև կբարձրացվի Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի՝ Մոսկվա նախատեսվող այցի ընթացքում, որի ժամկետները դեռ վերջնականապես համաձայնեցված չեն։ «Մենք ակնկալում ենք, որ մեր քաղաքացիները շուտով կազատվեն»,- նշել է Գալուզինը։
Ռուսաստանի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ պահում է իրավիճակը «հատուկ վերահսկողության ներքո», իսկ ռուս դիվանագետները մի քանի անգամ այցելել են Բաքվի քննչական մեկուսարանում պահվող ռուսաստանցիներին։
Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալությունները տեղի էին ունեցել 2025 թվականի հունիսի 30-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում։ Կալանավորվածների թվում էին Ադրբեջանի «Sputnik» խմբագրության ղեկավար Իգոր Կարտավիխը և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը, որոնք հետագայում՝ 2025 թվականի հոկտեմբերին, ազատ արձակվեցին, ինչպես նաև ծրագրավորողներ և մի շարք զբոսաշրջիկներ։
Ձերբակալությունները հաջորդել էին Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում իրականացված իրավապահների գործողությանը, որի ընթացքում քրեական գործի շրջանակում զոհվել էին ադրբեջանական ծագում ունեցող երկու անձ։ Ադրբեջանի դատարաններն արդեն մի շարք վճիռներ են կայացրել այս գործով։
Ադրբեջանական լրատվամիջոցների վերջին հրապարակումների համաձայն՝ հունիսի 19-ին դատավճիռներ են կայացվել նաև մնացած ութ մեղադրյալների նկատմամբ։ Նրանք մեղավոր են ճանաչվել Իրանից թմրամիջոցների մաքսանենգության կազմակերպման և կիբերհանցագործությունների մեղադրանքներով։ Նրանցից չորսը դատապարտվել են չորս, իսկ մնացածը երեք տարվա ազատազրկման։ Գալուզինը նաև հայտնել է, որ Ջեյհուն Բայրամովի Մոսկվա այցի ժամկետները դեռ քննարկման փուլում են։ Ավելի վաղ Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը չէր բացառել, որ այցը կարող է կայանալ հուլիսին։







