Արաբագետ Արմեն Պետրոսյանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Քնեսեթի օրակարգից հանելու վերաբերյալ որոշմանը:
«Սոցցանցերի հայկական տիրույթում շարունակվում է ակտիվորեն քննարկվել Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման հարցը հերթական անգամ չեղարկելու թեման, որը, ինչպես կանխատեսվել էր ավելի վաղ, այդպես էլ ամբողջական չէր դառնալու։
Իսկ ինչու՞ է Իսրայելը հրաժարվում վերջնական ճանաչումից․ այս հարցը կոնկրետ և բավականաչափ ամուր հիմնավորումներ ունի։
1․Իսրայելի իշխանությունները, ի տարբերություն այլ երկրների, շարժվում են բացառապես քաղաքական պրագմատիզմի տրամաբանությամբ․ պատմաիրավական, բարոյական սկզբունքներն այդ երկրի քաղաքականության մեջ զրոյական ազդեցություն ունեն։ Իսկ Իսրայելի համար ներկայում որևէ օգուտ չկա Հայոց ցեղասպանության ճանաչումից․ Հայաստանի հետ հարաբերությունները ցածր մակարդակում են, իսրայելահայ համայնքից և հայկական Սփյուռքից էլ գրեթե կախվածություն չկա։
2․Ամբողջական ճանաչման դեպքում Հայոց ցեղասպանության թեման այլևս կդադարի ծառայել՝ որպես անհրաժեշտ պահին օգտագործման «ամենապատեհ գործիքներից» մեկը։ Հետայսու էլ, երբ անհրաժեշտ լինի, Իսրայելի իշանությունները կրկին կակտիվացնեն այս թեման և քարոզչական ու քաղաքական մակարդակում կպատասխանեն Թուրքիայի իշխանությունների հակաիսրայելական գործողություններին, նաև կօգտագործեն՝ Ադրբեջանից ինչ-որ կարևոր բան կորզելու համար։
3․ Ռազմավարական առումով չեն ճանաչի՝ Հոլոքոստի բացառիկության խնդրին չվնասելու համար։
Իսկ թե «Հաջիևը զանգեց․․․», «Ադրբեջանը կանխեց․․․», «Նեթանյահուն վախեցավ, հրաժարվեց․․․», «Թրամփը միջամտեց․․․» և այլն․․․ սրանք ընդամենը մամուլի վերնագրեր են, քարոզչական գործողություններ, որոնք իրականացնում են տարաբնույթ դերակատարներ՝ ստեղծված իրավիճակից օգտվելու համար։
Վստահաբար պնդում եմ՝ եթե Իսրայելն իրոք քաղաքական որոշում կայացնի՝ վերջնականապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որևէ դերակատար չի կարողանա դրան խոչընդոտել, քանի որ այդ քայլն ունի բացարձակ իրավական, պատմաքաղաքական, բարոյական, հիմնավորում»։








