Աշխարհահռչակ փիլիսոփա, հրապարակախոս, «Սև կարապ» գրքի հեղինակ Նասիմ Նիկոլաս Թալեբը հայտարարել է, որ հրաժարվել է Ադրբեջանում դասախոսություն կարդալու հրավերից: X սոցիալական ցանցի իր էջում Թալեբը նշել է, որ ադրբեջանական կողմը փորձել է էապես ավելացնել հոնորարը, սակայն ինքը մերժել է առաջարկը՝ հավատարիմ մնալով իր բարոյական սկզբունքներին:
«Ինձ խնդրել էին մեկնել Ադրբեջան՝ դասախոսության համար: Ես հրաժարվեցի (նրանք ահռելիորեն բարձրացրին իրենց առաջարկը՝ չհասկանալով իմ էթիկան և կարծելով, թե դա որևէ բան կփոխի): Ես ոտք չեմ դնի Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանն այնտեղ բանտարկված է»,- գրել է Թալեբը:
Մեկ այլ գրառմամբ փիլիսոփան անդրադարձել է նաև Ադրբեջանի իշխանությունների՝ իր աշխատություններով հետաքրքրված լինելուն՝ ընդգծելով, որ որևէ կառավարության համակրանքն իր գրքերի նկատմամբ հիմք չէ փոխադարձության համար, քանի որ ինքը «անշարժ գույքի վաճառող չէ»:
Նասիմ Թալեբը նախկինում ևս հանդես է եկել Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի պաշտպանությամբ՝ Ադրբեջանում նրա ապօրինի ազատազրկումը որակելով անընդունելի և միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով Բաքվի բանտերում պահվող հայ գերիների խնդրի վրա:








