Ղրիմում ՌԴ ԶՈւ զինծառայողը կրակ է բացել՝ սպանելով առնվազն չորս մարդու և վիրավորելով ևս մի քանիսին։ Այս մասին հայտնում է «BBC»-ն։
Ղրիմում Ռուսաստանի կողմից նշանակված ղեկավար Միխայիլ Ռազվոժաևի տեղեկացմամբ՝ զինծառայողը նախ կրակ է բացել իր ծառայակիցների ուղղությամբ՝ սպանելով մեկ զինծառայողի և վիրավորելով մյուսին։ Այնուհետև նա մեկնել է Խմելնիցկե գյուղ, որտեղ կրակահերթի հետևանքով զոհվել են երեք խաղաղ բնակիչ՝ 71 և 59 տարեկան տղամարդիկ, ինչպես նաև 64-ամյա կին։ Եվս երեք մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։
Կրակ բացած զինծառայողը ձերբակալվել է։ Դեպքի դրդապատճառները քննվում են։
Ռուսական իշխանությունները դեռևս չեն հրապարակել զինծառայողի ինքնությունը, ինչպես նաև չեն հայտնել, թե Ռուսաստանի զինված ուժերի որ ստորաբաժանման կազմում էր նա ծառայում։
Ռազվոժաևը նշել է, որ բժիշկները շարունակում են պայքարել վիրավորների կյանքի համար և կոչ է արել բնակիչներին օգտվել միայն պաշտոնական տեղեկատվությունից՝ չտարածելով չստուգված տեղեկություններ միջադեպի պատճառների կամ հարձակվողի ինքնության վերաբերյալ։







