ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի՝ նիստի ժամանակ Ադանա քաբաբի մասին հնչեցրած դրական գնահատականները լայն արձագանք են ստացել թուրքական մամուլում։ Այդ ֆոնին Ադանայից նրան պաշտոնապես հրավիրել են այցելել քաղաք և տեղում համտեսել հայտնի ուտեստը։
Ադանայի Ռեստորանների և զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների միության տեղական մասնաճյուղի նախագահ Բիրալ Սերթթաշը հիշեցրել է, որ Ադանա քաբաբը ներառված է աշխարհի 100 լավագույն ուտեստների ցանկում։
«Սա այնպիսի համ է, որը հնարավոր չէ հասկանալ՝ առանց համտեսելու։ Ռուբեն Ռուբինյանն էլ փորձել է, շատ հավանել և գովեստի խոսքեր ասել դրա մասին: Բոլորը պետք է գան Ադանա և համտեսեն այս ուտեստը։ Մենք հյուրասեր ենք և ցանկանում ենք մեր հյուրերին հյուրասիրել Ադանայի քաբաբով։ Ռուբեն Ռուբինյանին նույնպես սպասում ենք մեր քաղաքում հնարավորինս շուտ»,- ասել է նա։
Նրան Ադանա է հրավիրել նաև թուրք խոհարար Ուղուր Այդընը՝ համոզմունք հայտնելով, որ «ընդհանուր սեղանի շուրջ կարելի է հասնել նաև խաղաղության»։
«Եթե բոլորը նստեն ու քաբաբ ուտեն, խաղաղություն կհաստատվի, ամեն ինչ կլուծվի»,- ասել է նա՝ ընդգծելով, որ խոհանոցը կարող է ժողովուրդներին մերձեցնելու միջոց դառնալ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ Ազգային ժողովի նիստի ժամանակ Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով հետազոտական աշխատանքի շրջանակներում Թուրքիայում լինելուն, նշել էր․ «Էնտեղ սիրում էի ուտել Ադանա քեբաբ, շատ համով է, Իսկանդեր, համով բաներ: Էնտեղ հաճախ գնում էի պատրիարքարան, որովհետև ինձ հետաքրքիր էր: Ստամբուլի հայկական եկեղեցիներն էի սիրում գնալ ու ուսումնասիրել: Սիրով շփվում էի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, երբ հանդիպում էինք ու էսպես շարունակ»:








