2003 թվականի Իրաք ներխուժումից 23 տարի անց ԱՄՆ-ն ավարտել է իր ռազմական ներկայությունը Իրաքում՝ վերջին զինծառայողներին դուրս բերելով Քրդստանի ինքնավար շրջանի Էրբիլ քաղաքի ավիաբազայից։ Այս մասին սեպտեմբերի 30-ին հայտնել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը։
ԱՄՆ զինված ուժերը Իրաքից հիմնականում դուրս էին բերվել դեռևս այս տարվա սկզբին, սակայն Էրբիլում շարունակում էր ծառայել շուրջ 1500 ամերիկացի զինծառայող։ Նրանց դուրսբերումից հետո Իրաքում ավարտվել է ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիայի առաքելությունը։ Կոալիցիայի շտաբը տեղափոխվելու է Հորդանան:
ԱՄՆ զորքերի դուրսբերման կապակցությամբ սեպտեմբերի 30-ին Բաղդադում Իրաքի ղեկավարության և ամերիկացի զինվորականների մասնակցությամբ միջոցառում է անցկացվել։ Իրաքի վարչապետ Ալի ալ-Զաիդին հայտարարել է, որ երկրի համար սկսվում է նոր փուլ՝ «հիմնված ինքնիշխանության, պետական կառույցների ամրապնդման և գործընկերների հետ հավասարակշռված հարաբերությունների վրա»։
Միաժամանակ Իրաքը մտադիր է շարունակել ռազմական համագործակցությունը ԱՄՆ-ի հետ երկկողմ համաձայնագրերի շրջանակում։ Իրաքի զինված ուժերի ներկայացուցչի խոսքով՝ կողմերը քննարկելու են նաև հետագա աջակցության հնարավորությունները։
ԱՄՆ-ի դուրսբերումը մտահոգություններ է առաջացրել Իրաքի քրդական ղեկավարության շրջանում։ Քրդերը տարիներ շարունակ սերտ համագործակցել են Վաշինգտոնի հետ և մտահոգված են, որ ամերիկյան ուժերի հեռանալը կարող է իրենց ավելի խոցելի դարձնել Իրանի և Իրանի աջակցությունը վայելող զինված խմբավորումների նկատմամբ։ Իրաքի իշխանությունները, սակայն, հայտարարել են, որ կշարունակեն պաշտպանել երկրի հյուսիսային շրջանները։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն Իրաքում ռազմական ներկայություն ունի 2003 թվականից, երբ ամերիկյան ուժերը ներխուժեցին երկիր՝ Սադամ Հուսեյնի իշխանությունը տապալելու հայտարարված նպատակով: Ամերիկյան զորքերը երկիրը լքել էին նաև 2011 թվականին, սակայն 2014-ին Իրաքի կառավարության հրավերով վերադարձել էին՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու համար։







