Նոյեմբերի 8-ին Բեյրութի Բաաբդա պալատում հանդիպել են Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գլխավոր քարտուղարի օգնական Հուսսամ Զաքին և Լիբանանի նախագահ Միշել Աունը՝ քննարկելու Սաուդյան Արաբիայի և Պարսից Ծոցի երկրների հետ դիվանագիտական ճգնաժամից դուրս գալու ուղիները: Այս մասին գրում է լիբանանյան Al Jadeed-ը:
Աղբյուրի համաձայն՝ Զաքին նշել է, որ Արաբական պետությունների լիգայի նպատակներից է Լիբանանի և Պարսից ծոցի երկրների շահերը պաշտպանելը և ստեղծված ճգնաժամից դուրս գալու ուղիներ գտնելը: Այս համատեքստում նա ընդգծել է, որ Լիբանանի հետ բանակցությունները «ճիշտ ուղով են ընթանում»՝ ավելացնելով, որ սկզբում Բեյրութ է մեկնել՝ ճշգրտելու Լիբանանի դիրքորոշումը այս խնդրի հետ կապված: Զաքին նաև նշել է, որ անհրաժեշտության դեպքում կայցելի Սաուդյան Արաբիա:
Բեյրութ կատարած այցի շրջանակներում Զաքին հանդիպել է նաև Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկաթիի հետ:
Լիբանանի վարչապետն էլ իր հերիթին հայտարարել է, որ իր երկիրը ցանկանում է վերականգնել Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի երկրների հետ հարաբերությունները՝ հավելելով, որ Արաբական պետությունների լիգան կարող է առանցքային դեր խաղալ այս գործում:
Նշենք, որ հոկտեմբերի 29-ին Սաուդյան Արաբիան Բեյրութից հետ է կանչել իր դեսպանին: Նրան հետևել են նաև ԱՄԷ-ն, Քուվեյթը, Բահրեյնը և Եմենը՝ ի նշան Լիբանանի տեղեկատվության նախարար Ժորժ Կորդահիի՝ Եմենի պատերազմում Սաուդյան Արաբիայի վարած քաղաքականության քննադատության: