ԱՄՆ-ն վերահաստատում է ԵԱՀԿ Մինսկի խմբում ՌԴ-ի հետ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը՝ հանուն ղարաբաղյան խնդրի համապարփակ ու խաղաղ կարգավորման։ Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, տեղեկացնում է «Ազատությունը»։
«Մենք ասել ենք, որ պատրաստ ենք Մինսկի խումբն օգտագործել որպես հարթակ։ Այդ առաջարկը մնում է բաց։ Մենք չենք լսել ռուս գործընկերների արձագանքն այս առաջարկին։ Բայց կարծում եմ, որ դա է առաջին քայլը, որից հետո մենք կարող ենք խոսել այլ քայլերի և գաղափարների մասին», – ասել է դեսպանը:
«Առաջին քայլն ակնկալում ենք Ռուսաստանից, և դա Ռուսաստանի վերադարձն է այս ձևաչափին իր մասնակցությանը: Մենք շարունակում ենք Մինսկի խումբը դիտարկել որպես ձևաչափ, հարթակ, որն ունի միջազգային մանդատ՝ անդրադառնալու Լեռնային Ղարաբաղի իրավիճակին», – ընդգծել է Լին Թրեյսին:
Արձագանքելով այն հարցին, թե ինչպես է ԱՄՆ-ն վերաբերվում Ադրբեջանի նախագահի պնդումներին, թե հակամարտությունն այլևս կարգավորված է, և միջնորդների կարիքը չկա՝ դեսպան Թրեյսին ընդգծել է, որ չնայած այդ հայտարարություններին՝ Վաշինգտոնը կշարունակի ուղիներ փնտրել Մինսկի խմբի ձևաչափն օգտագործելու համար:
«Չնայած Ռուսաստանի պատերազմին Ուկրաինայի դեմ, որը մեծ ուշադրություն է գրավել աշխարհում, Միացյալ Նահանգները շատ կենտրոնացած է նաև այս տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակի վրա: Կարծում եմ, որ դա արտացոլվել է հեռախոսազանգերի, շփումների մեջ, որոնք մենք տեսել այս վարչակազմի` իշխանություն ստանձնելուց ի վեր։ Դա ցույց է տալիս Միացյալ Նահանգների, պետքարտուղարի հանձնառությունը` փորձել խուսափել հակամարտությունների վերադարձից, քննարկումները պահել ուշադրության կենտրոնում, գրանցել առաջընթաց, և անել դա դիվանագիտական ճանապարհով», – նշել է ԱՄՆ դեսպանը:
Ավելի վաղ ԱՄՆ փոխպետքարտուղար Քերըն Դոնֆրիդն էր «Ազատությանը» տված հարցազրույցում պնդել՝ չնայած ուկրաինական ճգնաժամին՝ Վաշինգտոնը պատրաստ է ղարաբաղյան խնդրի շուրջ շարունակել համագործակցությունը Ռուսաստանի հետ։ Ռուսաստանի արտգործնախարարությունը կասկածի տակ էր դրել այս հարցում Վաշինգտոնի անկեղծությունը։ «Եռյակի աշխատանքին շատ հարցերում հասցվել է անդառնալի վնաս», – հայտարարել էր նախարարության խոսնակ Մարիա Զախարովան՝ պնդելով, թե ԱՄՆ-ն ու Ֆրանսիան են ուկրաինական պատերազմից հետո խզել կապերը ռուսաստանցի համանախագահի հետ։