Կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը հայտարարել է, որ իրադրությունը շարունակում է մնալ ծայրահեղ լարված:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը մի նպատակ ունի՝ վերացնել 2020-ի նոյմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և խուսափել արձանագրված հետևյալ իրողությունների ամրագրումից՝
- Լեռնային Ղարաբաղ,
- շփման գիծ,
- Լաչինի միջանցք:
Վարչապետը շեշտել է, որ այս երեք ինստիտուների դեմ է Ադրբեջանի այսօրվա պայքարը։
«Որքան էլ քննադատվի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, դրանում ԼՂ անվտանգության կարևոր ինստիտուտներ են ամրագրված»,- այս մասին կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Նախ, Լեռնային Ղարաբաղի միավորի արձանագրումն է տեղի ունեցել, ինչը մինչև հիմա փորձում է ժխտել Ադրբեջանը՝ ասելով, թե Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի: Ադրբեջանից հնչող նմանատիպ հայտարարություններն, ի դեպ, եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում են:
Երկրորդը, արձանագրվել է, որ գոյություն ունի շփման գիծ: Եվ երրորդը, Լաչինի միջանցք, որն ապահովում է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ: Ըստ էության, այս երեք ինստիտուտների դեմ է Ադրբեջանի այսօրվա պայքարը, և մեր ակնկալիքն է, որ ինչպես և նախատեսված է եռակողմ հայտարարությամբ՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբն Ադրբեջանին հնարավորություն չտա խաթարելու եռակողմ հայտարարությամբ արձանագրված այս հիմնարար ինստիտուտները»,- ասաց Փաշինյանը:
Նա նշեց, որ Ադրբեջանն այսօր անընդհատ խոսում է ԼՂ պաշտպանության բանակի մասին՝ թե ինչու են նրանք տեղակայված շփման գծի երկայնքով: «Եթե ՌԴ խաղաղապահ զորախումբը, Ադրբեջանը երաշխավորի շփման գծի անձեռնմխելիությունը, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը, կարծում եմ, մարտական հերթապահություն իրականացնելու անհրաժեշտություն չի ունենա: Նման անհրաժեշտություն առաջացել է միայն այն բանից հետո, երբ Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել խաղաղապահների մանդատը և շարունակաբար խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները՝ այդ թվում բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին, որը վերը նշված փաստաթղթի բուն էությունն է»,- հայտարարեց վարչապետը:
Նա նշեց, որ Ադրբեջանը շարունակաբար շահարկում է նաև ԼՂ-ում Հայաստանի զինված ուժերի ներկայությունը: «Պիտի արձանագրեմ պաշտոնապես, որ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի Հանրապետության զինծառայող չկա»,- հայտարարեց նա: