Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) փոխնախագահ Հուսեյն Յայմանը ասել է, որ կուսակցությունը դիտարկում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ 2027 թվականի նոյեմբերին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններում կրկին առաջադրվելու հեռանկարը։ Այս մասին հայտնում է IHA գործակալությունը։
«Հույս ունենք, որ 2027 թվականի նոյեմբերին կայանալիք ընտրություններում կրկին կառաջադրենք մեր նախագահին։ Այլ թեկնածուի կարիք չկա։ Հաջորդ ընտրություններում մենք մեր նախագահին կրկին երկրի ղեկավար կդարձնենք»,-ասել է նա Անթալիայում ԱԶԿ անդամների հետ հանդիպմանը։
ԱԶԿ-ի ներկայացուցիչը նշել է, որ Էրդողանի թեկնածությունը կառաջադրի «Ժողովուրդ դաշինքը», որի կազմում են ԱԶԿ-ն և «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցությունը։
Փետրվարի վերջին Türkiye թերթը, վկայակոչելով ԱԶԿ-ի ներքին կուսակցական քննարկումները, հայտնել էր, որ իշխող կուսակցության անդամները ոչ պաշտոնապես քննարկում են 2027 թվականի աշնանը արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնելու տարբերակը։ Նշվում է, որ քվեարկությունը հետաձգելու պատճառը ԱԶԿ-ի մտադրությունն է՝ կրկին Էրդողանին առաջադրել որպես բարձրագույն պաշտոնի թեկնածու։ Թուրքիայի սահմանադրության համաձայն՝ 2028 թվականին, երբ նախատեսվում են ընտրություններ, նա այլեւս չի կարողանա առաջադրվել նախագահի պաշտոնում, սակայն արտահերթ ընտրությունների դեպքում նա կունենա այդ իրավունքը;