Ադրբեջանի կողմից աշխարհահռչակ նկարիչ Հովհաննես Այվազովսկու հուշարձանի քանդումը Լեռնային Ղարաբաղում ափսոսանք և անընդունելիության խորը զգացում է առաջացնում: Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը։
Շվիդկոյը հիշեցրել է, որ Այվազովսկու հուշարձանը տեղադրվել է 2021 թվականին՝ այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի մասնակցությամբ։
«Ռուս խաղաղապահները տարածաշրջանում գտնվում էին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների համաձայն: Ռուսական կողմը որևէ կերպ չի տեղեկացվել ռուս քանդակագործ, ՌԴ ժողովրդական նկարիչ Ս.Ա. Շչերբակովի ստեղծագործության քանդման ծրագրերի մասին»,-նշել է նա:
Շվիդկոյն ընդգծել է, որ եթե Այվազովսկու արձանն ինչ-ինչ պատճառներով ձեռնտու չէր ադրբեջանական կողմին, Բաքուն կարող էր Մոսկվային տեղեկացնել այն ապամոնտաժելու մտադրության մասին:
«Հարցը, վստահ եմ, կլուծվեր քաղաքակիրթ ճանապարհով, օրինակ՝ ռուսական հող տեղափոխելով։ Փոխարենը՝ ցուցադրական ոչ բարեկամական ակցիա Ռուսաստանի նկատմամբ»,-նկատել է նա։
«Ադրբեջանի, նրա ժողովրդի, մշակույթի գործիչների հետ ինձ վաղեմի բարեկամական հարաբերություններ են կապում։ Եվ այդ պատճառով է՛լ ավելի տխուր է, որ հենց ես պետք է խոհեմության, «հուշարձանների հետ պատերազմը» և ռուսական մշակույթի «չեղարկումը» դադարեցնելու կոչ անեմ: Այս ապակառուցողական գործողությունները հակասում են մեր երկրների և ժողովուրդների միջև դաշնակցային, գործընկերության և բարիդրացիության ոգուն: Եվ պարզապես ողջախոհությանը»,-հավելել է Շվիդկոյը։
Այվազովսկու հուշարձանի հեղինակը քանդակագործ Սալավաթ Շչերբակովն է, որը մի շարք նշանավոր հայերի կիսանդրիների և հուշարձանների հեղինակ է: Նրա աշխատանքը նվիրված էր ոչ միայն աշխարհահռչակ ծովանկարչին, այլև հայկական և համաշխարհային ժառանգության հետ Արցախի պատմամշակութային կապերին:








