Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղաեին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ պակիստանյան կողմի միջոցով շարունակվում է ԱՄՆ հետ երկխոսությունը: Նա հաստատել է, որ Իրանի կողմից 14 կետից բաղկացած ծրագրի ներկայացումից և ամերիկյան կողմի դիտարկումներից հետո, Թեհրանն իր հերթական առաջարկներն ԱՄՆ-ին է փոխանցել երկու օր առաջ: Փոխանցում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը:
Խոսնակը կտրուկ հերքել է Իրանի կողմից ուրանի հարստացումը 20 տարով դադարեցնելու մասին Դոնալդ Թրամփի հայտարարությունները՝ որակելով դրանք անհիմն: «Իրանի հարստացման իրավունքը ճանաչված է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով և որևէ մեկի կողմից վերահաստատման կարիք չունի: Մենք այժմ ամբողջովին կենտրոնացած ենք պատերազմի դադարեցման վրա»,- հավելել է նա: Բաղաեին նաև ընդգծել է, որ Թեհրանը շատ մեծ անվստահությամբ է մոտենում ամերիկյան դիվանագիտությանը, քանի որ Վաշինգտոնը բազմիցս դրժել է իր խոստումները:
Խոսելով Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակի մասին՝ ԱԳՆ ներկայացուցիչը շեշտել է, որ այն ռազմավարական ջրուղի է ողջ աշխարհի համար, և Իրանն ու Օմանը, որպես ափամերձ պետություններ, իրենց պարտավորված են զգում ապահովել անվտանգ նավարկությունը: Նրա խոսքով՝ Հորմուզում անվտանգության նոր մեխանիզմների մշակման նպատակով Մասկատում անցած շաբաթ տեղի են ունեցել իրանա-օմանական փորձագիտական հանդիպումներ:
Անդրադառնալով նեղուցով անցնող նավերից վճարներ գանձելու մասին լուրերին՝ Բաղաեին պարզաբանել է, որ հարցը զուտ ֆինանսական դաշտ տեղափոխելը սխալ է: «Բնական է, որ ցանկացած ափամերձ երկիր իր մատուցած ծառայությունների դիմաց վճար է ստանում, սակայն առանցքայինը նավարկության անվտանգության ապահովումն է»,- ընդգծել է նա:








