Հայաստանում Եվրամիության անդամ երկրների անօրինական միգրանտների պահման կենտրոն ստեղծելու առաջարկ Երևանին չի ներկայացվել, նման հարց հայկական կողմի հետ չի քննարկվել։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ արձագանքելով շրջանառվող լուրերին, թե ԵՄ խորհրդի՝ օգոստոսի 4-ին կայանալիք նիստում Իտալիան քննարկման է ներկայացնելու մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, անօրինական միգրանտների պահման կենտրոններ ստեղծելու հարցը։
«Մեզ նման առաջարկ չի արվել, մեզ հետ նման հարց չի քննարկվել»,- նշել է Անի Բադալյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ իտալական «Corriere della Sera» թերթը գրել էր, որ Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին մտադիր է Եվրոպական միության քննարկումներին առաջարկել մի շարք երկրներում միգրանտների վերադարձի կենտրոններ ստեղծել՝ կիրառելով այն մոդելը, որն Իտալիան փորձել է իրականացնել Ալբանիայում։ Ըստ թերթի՝ նախնական ցանկում ընդգրկված են ԵՄ անդամ չհանդիսացող մի շարք երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, Ռուանդան, Գանան, Սենեգալը, Թունիսը, Լիբիան, Մավրիտանիան, Եգիպտոսը, Ուգանդան, Ուզբեկստանը, Մոնտենեգրոն և Եթովպիան։







