Ուկրաինայի զինված ուժերը ռազմաճակատում ակտիվորեն ավելացնում են ցամաքային ռոբոտների կիրառումը։ Դրանք զինված են ամենատարբեր զինատեսակներով՝ գնդացիրներից մինչև հրանետներ: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։
Ըստ լրատվամիջոցի՝ այս տարի Կիևը մտադիր է արտադրել և ռազմաճակատ ուղարկել առնվազն 50,000 նման «մեխանիկական զինվոր»։ Մարտական առաջադրանքներից բացի, այս ռոբոտները նաև դուրս են բերում վիրավորներին։
Ուկրաինացի զինվորներից մեկը պատմել է․ «Մենք արդեն բազմաթիվ ուղղություններով կռվում ենք դրոնների օգնությամբ։ Եվ ի դեպ, մեր ռոբոտների հետ նախապես շատ քաղաքավարի ենք վարվում»,- կատակել է նա՝ ակնարկելով «Տերմինատոր» ֆիլմի մեքենաների ապստամբությունը։
Մարտական ռոբոտների շնորհիվ Ուկրաինան լրացնում է անձնակազմի պակասը։ Բացի այդ, ըստ Կիևի, ռոբոտներով փոխարինումը թույլ է տալիս էապես կրճատել կորուստները:








