Ադրբեջանը դիվանագիտական նոտա է հղել Վրաստանին՝ ադրբեջանական բեռնատարների մաքսային ձևակերպումների ձգձգման պատճառով։ Այս մասին հայտնում է ադրբեջանական «Report» լրատվական գործակալության վրացական բյուրոն։
Ըստ աղբյուրի՝ ադրբեջանցի վարորդների մի խումբ արդեն մի քանի շաբաթ է, ինչ Վրաստանով տարանցման ժամանակ չի կարողանում անցնել մաքսային ձևակերպումները։ Խնդիրներ են արձանագրվել «Սարպի» և «Կարմիր կամուրջ» անցակետերում, ինչպես նաև Թբիլիսիի մաքսային ձևակերպումների կենտրոնում։
Վարորդների պնդմամբ՝ վրացական մաքսային մարմինները վերցնում են փաստաթղթերը, իրականացնում տևական ստուգումներ և չեն պարզաբանում ձգձգումների պատճառները։ Որոշ փոխադրողներ ձևակերպման են սպասում ավելի քան մեկ ամիս։
Բացի այդ, վարորդները նշում են, թե անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո վրացական կողմը սկսել է պահանջել դրանց թարգմանությունը վրացերենով, թեև նախկինում համանման բեռները տարանցվել են առանց որևէ խոչընդոտի։
Վրաստանում Ադրբեջանի դեսպանությունից հայտնել են, որ դիվանագիտական առաքելությունը համապատասխան նոտա է հղել Վրաստանի ԱԳՆ-ին, իսկ հարցը քննարկվում է իրավասու պետական մարմինների հետ համատեղ։
Նշենք, որ վրացական կողմը դեռ չի մեկնաբանել այս տեղեկությունը:







