Թուրքիայի հայկական «Ակօս» շաբաթաթերթը հայտնում է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հայազգի պատգամավոր Սևան Սըվաջըօղլուն Ստամբուլի հայկական դպրոցներում ՀՀ քաղաքացի երեխաների՝ «հյուր աշակերտի» կարգավիճակով կրթություն ստանալու հարցը քննարկել է Թուրքիայի ազգային կրթության նախարար Յուսուֆ Թեքինի հետ։
Սըվաջըօղլուի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում նախարարությունից հայտնել են. «Վերջին օրերին հայկական համայնքի դպրոցներում սովորող հյուր աշակերտների վերաբերյալ որևէ նոր կարգավորում չկա, և դպրոցները շարունակում են իրենց կրթական գործունեությունը գործող կանոնակարգի համաձայն»։
Ավելի վաղ «Ակօս»-ը հայտնել էր, որ նախարարության տեսուչները հայկական դպրոցների տնօրեններին բանավոր տեղեկացրել են, թե այլևս չեն կարող ՀՀ քաղաքացիներին ընդունել որպես «հյուր աշակերտ», իսկ արդեն սովորող երեխաները պետք է տեղափոխվեն պետական կամ մասնավոր դպրոցներ։
Միաժամանակ, 2012 թվականից գործող կարգավորումը թույլ է տալիս օտարերկրյա քաղաքացիներին որպես «հյուր աշակերտ» սովորել այդ դպրոցներում՝ առանց ավարտական վկայական ստանալու։








