Հայայաստանի պայմանն է, որ հայ-թուրքական երկխոսության մեկնարկի համար որևէ նախապայման չլինի, «Ազատության» հետ զրույցում ասում է Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ («Քաղաքացիական պայմանագիր») Էդուարդ Աղաջանյանը:
Անցած կիրակի Թուրքիայի նախագահն էր հայտարարել, թե Անկարան պատրաստ է աստիճանաբար կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ: Ռեջեփ Էրդողանը պնդել էր, որ նույն դիրքորոշումն ունի նաև Ադրբեջանը, որը Հայաստանին առաջարկում է խաղաղության համաձայնագիր կնքել` միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման հիման վրա:
Ստորև ներկայացնում ենք հատվածներ Էդուարդ Աղաջանյանի հետ հարցազրույցից.
«Ազատություն». – Երբ վարչապետն ասում է, որ դրական ազդակ կա Թուրքիայից, և Երևանը կգնահատի դա, ի՞նչ նկատի ունի:
Էդուարդ Աղաջանյան. – Այստեղ տողատակերով որևէ բան փնտրելու կարիք չկա, ամբողջ գոևծընթացը եղել է առավել հրապարակային, որևէ ոչ հրապարակային գործընթացի մասին խոսել ուղղակի պետք չի և չի կարելի:
«Ազատություն». – Այսինքն` դիվանագիտական օղակներով, երրորդ երկրի միջոցով ինչ-որ այլ հարաբերությունների…
Էդուարդ Աղաջանյան. – Ոչ, նման գործընթաց չկա, խոսքը զուտ հրապարակային գործընթացների և հայտարարությունների մասին է, ինչպես նշեցիք, Էրդողանի հայտարարությունը հետևեց վարչապետի կողմից Ազգային ժողովում կառավարության հնգամյա ծրագրի ներկայացմանը, և մենք այստեղ ուղիղ կապ ենք տեսնում, և այս փոխադարձ հայտարարությունները, կարծում ենք, ողջունելի են և կարող են մոտ ապագայում կամ ինչ-որ ժամանակ անց իրական նախադրյալներ ստեղծել իրական, գործնական երկխոսության սկիզբ դնելու համար:
«Ազատություն». – Կառավարության ծրագրում, մասնավորապես, ինչի՞ն է արձագանքել Էրդողանը:
Էդուարդ Աղաջանյան. – Վարչապետի կողմից ներկայացված կառավարության ծրագրում կարելի է ասել` արտաքին քաղաքականությանը և անվտանգությանը վերաբերող կարևորագույն, ըստ էության, անկյունաքարային նշանակություն ունի տարածաշրջանում երկարատև խաղաղության և զարգացման դարաշրջան սկսելը, մասնավորապես այդ ծրագրի ներկայացման ժամանակ վարչապետը նշեց, որ Հայաստանն իր կողմից իր բաժին պատասխանատվությունը ստանձնում է այս գործընթացը սկսելու համար, և այստեղ շատ ուղիղ նաև, բնականաբար, մենք գիտակցում ենք, որ տարածաշրջանը ոչ միայն հայ-ադրբեջանական հարաբերություններով է սկսվում և ավարտվում, այստեղ կա Թուրքիան, այստեղ կան Իրանը և Վրաստանը, այդ թվում` Ռուսաստանը: Եվ Թուրքիայի հետ, այդ թվում նաև մեր հարաբերությունները, մեր գնահատմամբ, պետք է ինչ-որ պահի վերջիվերջո սկսվեն` չմոռանալով և հաշվի առնելով այն բոլոր կնճռոտ կետերը և բարդագույն խնդիրները, որոնք այս ընթացքում ուղեկցել են հայ-թուրքական հարաբերություններին, եթե այդպիսիք առհասարակ եղել են:
«Ազատություն». – Հիմա այդ կնճռոտ կետերի մասին` Էրդողանը բավական թափանցիկ ասում է, որ կա նախապայման` ճանաչել տարածքային ամբողջականությունը, ենթադրաբար նկատի ունի Ադրբեջանին, այսինքն` նույն, ինչ Բաքուն է ասում` խնդրեմ, ճանաչեք Արցախն Ադրբեջանի կազմում, ստորագրենք խաղաղության պայմանագիր:
Էդուարդ Աղաջանյան. – Մենք, իհարկե, ողջունում ենք ընդհանուր դրական հռետորաբանությունը թե՛ Ադրբեջանի կողմից, թե՛ Թուրքիայի կողմից, երբ որ այդպիսի լինում են, սակայն ցավոք Էրդողանի հայտարարության մեջ կան որոշակի նախապայմաններ հիշեցնող կետեր, որոնք ամենևին չեն օգնում այս ոգրծընթացի սկիզբը դնելու համար, և մենք կարծում ենք` շատ ավելի կառուցողական մոտեցում կլիներ նախևառաջ արձանագրել երկուստեք, այստեղ Ադրբեջանի հետ կապված որևէ քննարկում չեմ էլ պատկերացնում առհասարակ, որ հայ-թուրքական հարաբերություններում պետք է Ադրբեջանը լինի որոշիչ հանգամանք, ինչը փաստացի վերջին 20-30 տարիներին եղել է: Մենք նախ ուզում ենք, որ թե՛ Թուրքիան գիտակցի, և ինքներս մենք տարանջատենք Ադրբեջանին և Թուրքիային որպես ամբողջությամբ տարբեր պետություններ և այս տարածաշրջանում խաղացող սուբյեկտներ, ում շահերը բնավ միշտ չի, որ համընկնում են: Եվ կարծում եմ` պետք է մենք խուսափենք այդ շահերը նույնականացնելուց և Թուրքիայի հետ ունենանք կամ կառուցենք կամ փորձ անենք կառուցել երկկողմանի, առանձին հարաբերություններ, դրանց հիման վրա ձևավորել հարաբերությունների օրակարգ, բայց որպեսզի դա տեղի ունենա, մենք վստահ ենք, որ նախևառաջ պետք է երկկողմանիորեն արձանագրվի, որ որևէ խոսակցության սկզբի հիմնադրման համար որևէ նախապայման անընդունելի է թե՛ մեր կողմից, թե՛ թուրքական կողմից:
«Ազատություն». -Իսկ առհասարակ, եթե ավելի ուղիղ հարցնեմ` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում Արցախի կարգավիճակը չի կարող քննարկվել:
Էդուարդ Աղաջանյան. – Երբ ես ասում եմ` չի կարող քննարկվել որևէ նախապայման, դա նշանակում է` չի կարող քննարկվել որևէ նախապայման, այդ թվում` Ձեր նշած հարցը:
«Ազատություն». – Պարո՛ն Աղաջանյան, պատրա՞ստ է Հայաստանը Ցեղասպանության ճանաչման օրակարգից հրաժարվել, եթե դրա դիմաց բացվի հայ-թուրքական սահմանը:
Էդուարդ Աղաջանյան. – Հայաստանը Ցեղասպանության ճանաչման օրակարգից հրաժարվելու նախ ոչ պահանջ է ստացել, կամ դրա մասին որևէ խոսակցություն չի եղել, և երկրորդ` դա մի հարց է, որը վստահաբար թուրքական կողմը ևս գիտակցում է, որից որ հայկական կողմը չի կարող հրաժարվել, և սա սակարկման առարկա չէ, ինչը չի նշանակում, որ այդ օրակարգը ունենալով Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում` հնարավոր չէ հարաբերություններ սկսել և կառուցել Թուրքիայի հետ: Եվ կարծում եմ` սա ևս թուրքական կողմը պետք է գիտակցի:
Մի բան, որ ամենակարևորն է, մենք որևէ թեմա չկա, որ չպետք է քննարկվի, այլ հարց, թե այդ քննարկման ընթացքում երկկողմանիորեն ինչ դիրքորոշումներ ի հայտ կգան, և ընթացս այդ դիրքորոշումների բերումով արդեն կուրվագծվեն այն զարգացման ուղիները կամ միգուցե փակուղին, որը պայմանավորված կլինի երկկողմանի այդ դիրքորոշումներով, բայց դրա համար նախևառաջ պետք է սկսել այդ քննարկումը, իսկ քննարկումը, մեզ համոզմամբ, կարելի է սկսել ունենալով դրա հիմքում մի հստակ նախապայման, որ որևէ նախապայման, մենք համ ասում ենք` նախապայման պետք է չլինի, բայց կարող է սա ընկալվել որպես որոշ ընկալմամբ նախապայման կամ պայման, բայց այո, սա է պայմանը, որ որևէ նախապայման նմանատիպ խոսակցությունների հիմքում պետք է չլինի:
«Ազատություն». – Այդ դեպքում այդ փոքր ազդակը Անկարայից եկած, քանի որ Երևանն շտապեց դրական գնահատել, խորհրդարանական ընդդիմությունը, մասնավորապես Դաշնակցությունը ձեզ հարցնում է` բա ո՞ւր մնացին ամիսներ առաջ Թուրքիայի մասին ասվածները` էլ ռազմական աջակցություն, ահաբեկիչներ տեղափոխել տարածաշրջան, Բայրաքթարներ, վարչապետն ասում էր` սպասեք նրանց Եվրոպայում: Դուք դա մոռացեք եք փաստորեն և դրական եք գնահատում առաջին իսկ եղած ազդակը:
Էդուարդ Աղաջանյան. – Որևէ բան մոռանալու, ուրանալու, անտեսելու մասին որևէ նման խոսք չի կարող գնալ, որովհետև մենք չենք խոսում մեր պատմությունը, անցյալը կամ տեղի ունեցածը մոռացության մատնելու մասին, մենք խոսում ենք ունենալով այն պատմությունը, այն փաստական տվյալները, մասնավորապես այդ թվում` ղարաբաղյան հակամարտության կոնտեքստում, մենք քննարկում ենք ստեղծված իրավիճակից ելքեր գտնելու հնարավորությունները: Դրանք ենթադրում են, որը որքան էլ մենք էմոցիոնալ մակարդակում դրա հետ անհարմար զգանք կամ չուզենք, կամ տարբեր ընդդիմադիրների կողմից հաճախ շահարկվող որոշակի թեզերի շուրջ արձանագրենք, որ փակուղի ենք մտնում, դրա փոխարեն մենք կարծում ենք, որ առանց երբևէ մոռանալու և անտեսելու այն եղելությունը, որը եղել է, ընդ որում երբ մենք խոսում ենք Թուրքիայի հետ մեր հարաբերությունների բարդ և կնճռոտ կողմերի մասին, դրանք, բնականաբար, ներառում են Թուրքիայի ներգրավվածությունը և մասնակցությունը արցախյան պատերազմում, և այս ամբողջ հարցերի սպեկտրը պետք է քննարկվի, բայց դրանք պետք է քննարկվեն քաղաքակիրթ, քաղաքական հարթակներում, այլ ոչ պատերազմի դաշտում, որը հղի է հումանիտար և այլ աղետներով, որից մենք, բնականաբար, ուզում ենք խուսափել: Հետևաբար, այլընտրանք, քան որ մեր տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատումն է, ինչը ենթադրում է ինքնաբերաբար տարածաշրջանում մեզ հարևան հանդիսացող երկրների հետ հարաբերությունների կարգավորում, այլընտրանք դրան ուղղակի չկա, մենք ուղղակի պետք է հասկանանք, թե ոնց ենք այդ գործընթացը սկսում և իրականացնում և զուգահեռաբար սպասարկում ՀՀ և Արցախի ժողովրդի շահերը: