Ղարաբաղյան երկրորդ պատերազմն ու դրա հետևանքները որոշ չափով փոխում են ռուս-հայկական ռազմավարական դաշինքի բնույթն ու հեռանկարները, և Հայաստանի ուժեղ լինելը հիմա ավելի կարևոր է Ռուսաստանի համար: ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում հրավիրված բաց դասախոսության ընթացքում այդպիսի կարծիք հայտնեց Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՈ) Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքական գործընթացների վերլուծության լաբորատորիայի տնօրեն, պատմագիտության թեկնածու Նիկոլայ Սիլաևը՝ անդրադառնալով 2020 թ. Արցախյան 44-օրյա պատերազմին, Հարավային Կովկասում և հայ-ռուսական հարաբերություններում տիրող ընթացիկ վիճակին այդ համատեքստում:
Ռուսաստանցի առաջատար գիտաշխատողը շեշտեց, որ իր համար մեծ պատիվ է առաջին անգամ ելույթ ունենալ ԵՊՀ-ում, և այս դասախոսությունը լավ հնարավորություն է հասկանալու՝ ինչպես են այսօր Հայաստանում հատկապես երիտասարդ մտածողները նայում ռուս-հայկական հարաբերությունների ընթացիկ վիճակին, հեռանկարներին և ընդհանուր ապագային: Սակայն նաև խնդրեց չնույնականացնել իր խոսքը Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշման հետ:
«Արդեն գրեթե մեկ տարի է անցել այն պահից, երբ սկսվեց Ղարաբաղյան երկրորդ պատերազմը, և մենք բոլորս առայժմ վերլուծում ենք՝ ինչ հետևանքներ այն ունեցավ և ինչ էր նշանակում, այդ թվում՝ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների համար»,- նշեց Նիկոլայ Սիլաևը՝ ներկայացնելով Ռուսաստանի ներքին տրամադրություններն ու մտորումները Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին լայնածավալ պատերազմի վերաբերյալ:
Այս համատեքստում նա շեշտում է, որ Ռուսաստանի առջև այսօր ծառացած մարտահրավերները ստիպում են նորովի նայել ռուս-հայկական հարաբերություններին և հեռանկարներին:
Սիլաևի խոսքով՝ ռուսաստանյան փորձագիտական և հանրային շրջանակների արձագանքը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը և Լեռնային Ղարաբաղ ռուսական խաղաղապահ ուժերի մտնելուն հակասական է եղել: Երկու հիմնական տեսակետներից մեկն այն էր, որ Ռուսաստանը այդ պատերազմում հանդես է եկել իբրև խաղաղարար՝ դադարեցնելով ռազմական գործողությունները, դրանով իսկ ամրապնդել է իր ազդեցությունն ու ռազմական ներկայությունը տարածաշրջանում, և առհասարակ, ռուսաստանցիների մի մասի կարծիքով, դա ռուսական դիվանագիտության հաջողությունն էր և Հարավային Կովկասում Ռուսաստանի բարձր դիրքի վերահաստատումը:
Իսկ երկրորդ տեսակետը, որի ամենավառ արտահայտողն, ըստ փորձագետի, եղել է Կոնստանտին Նիկիենկոն «Վեդոմոստի» թերթում տպագրված հոդվածով, հանգում էր տրամագծորեն հակառակ տրամաբանության:
«Նա կարծում էր, որ Ռուսաստանը արտաքին քաղաքական պարտություն է կրել, Թուրքիան նոր ազդեցություն և նոր կարգավիճակ է ձեռք բերել տարածաշրջանում, ցուցադրել է ուժ կիրառելու իր վճռականությունն ու պատրաստակամությունը՝ էապես թուլացնելով Ռուսաստանի ազդեցությունը, քանի որ Ռուսաստանի դաշնակիցն է պարտվել պատերազմում»,- «Վեդոմոստիի» վերլուծաբանի խոսքը մեջ բերեց Նիկոլայ Սիլաևը:
Վերլուծելով այս երկու տեսակետները՝ փորձագետը ավելի լայն առումով է նայում հետխորհրդային տարածությունում Ռուսաստանի Դաշնության դիրքերին՝ հիշեցնելով, որ մինչև վերջերս «հետխորհրդային տարածքում ոչ մի թնդանոթ չէր կարող կրակել առանց Ռուսաստանի թույլտվության»: Սակայն այսօր իրավիճակը որոշ չափով փոխվել է, և այդ մեխանիզմը սկսել է «խափանումներ տալ»:
Ու թեև պատերազմի սկսվելը և ռազմական գործողությունների դադարեցման մասին նրա կոչերին չարձագանքելը, ըստ Սիլաևի, հարված էր Ռուսաստանի հեղինակությանը, և դա հարցականի տակ դրեց Ռուսաստանի կարգավիճակը՝ իբրև գերիշխող ուժ տարածաշրջանում, այդուհանդերձ, փորձագետի կարծիքով՝ Ռուսաստանը պահպանեց տարածաշրջանում ռազմաքաղաքական առանցքային ուժի իր դերը: Բայց ի տարբերություն մինչպատերազմյան իրավիճակի՝ ռուսական քաղաքականության այսօրվա առանձնահատկությունն այն է, որ Ռուսաստանն այժմ ավելի շատ է ներգրավված կոնֆլիկտում:
«Նոյեմբերի 9-ից հետո Ռուսաստանը մեծ ընտրություն չուներ այն առումով, թե ինչ չափով ներգրավվի կոնֆլիկտում և դրա կարգավորմանը: Դա նշանակում է՝ Ռուսաստանի համար Հայաստանի պարտության գինը այն է, որ Ռուսաստանն այժմ անմիջականորեն է ներգրավված այս գործընթացում»,- արձանագրում է Նիկոլայ Սիլաևը:
Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա բանախոսը շեշտում է, որ Էրդողանի օրոք թուրքական քաղաքականությունը աչքի է ընկնում արկածախնդրության մեծ աստիճանով: Ըստ նրա` Ղարաբաղյան պատերազմի համատեքստում Թուրքիայի առաջարկը Ռուսաստանին, ըստ էության, կայանում էր նրանում, որ Ռուսաստանն ու Թուրքիան լինեն այն ուժերը, որոնց միջնորդությամբ է լուծվում կոնֆլիկտը:
«Թուրքիայի մասնակցությունը պատերազմին փորձ էր առաջարկելու Ռուսաստանին կառավարել տարածաշրջանը երկուսով, այսինքն՝ դուրս թողնել Մինսկի խմբին և ստեղծել ինչ-որ նոր ձևաչափ, որում Թուրքիայի դերը առանցքայիններից մեկը կլիներ, և հավասարակշռել Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում հօգուտ Թուրքիայի», – մեկնաբանում է Սիլաևը:
Ու թեև տեղեկատվական տպավորության տեսանկյունից Թուրքիայի համար պատերազմի արդյունքները տպավորիչ էին թվում, բայց պատերազմից հետո հաստատված կարգի տեսանկյունից, ինչպես ընդգծում է Նիկոլայ Սիլաևը, Թուրքիայի ձեռքբերումը մեծ չէր, քանի որ թուրքական խաղաղապահներ հակամարտության գոտում չկան, Թուրքիան էլ հանդես չի եկել որպես միջնորդ հակամարտության կարգավորման գործընթացում:
Թուրքայի մյուս ձախողումը տարածաշրջանում, ըստ Նիկոլայ Սիլաևի, Էրդողանի առաջարկած «3+3» ձևաչափի ճակատագիրն էր:
«Ուշադրություն դարձրեք՝ ինչ եղավ «3+3» ձևաչափի հետ, որն առաջարկում էր Էրդողանը: Ադրբեջանից բացի՝ ոչ ոք չարձագանքեց: Այն ըմբռնում չգտավ ոչ Հայաստանում, ոչ Ռուսաստանում, ոչ Վրաստանում, և դա նշանակում է, որ Թուրքիան չհասավ այն նպատակներին, որոնցով մտել էր պատերազմի մեջ», – շեշտեց ռուսաստանցի փորձագետը:
Վերոնշյալ զարգացումներն ու նկարագրված իրավիճակը դիտարկելով Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների վրա՝ Նիկոլայ Սիլաևը գալիս է այն եզրակացության, որ այժմ ռուս-հայկական դաշինքը նոր նշանակություն է ստանում այն առումով՝ ինչ դեր է ստանձնում Ռուսաստանը տարածաշրջանում:
«Կարծում եմ՝ այս ամենը ինչ-որ առումով փոխում է ռուս-հայկական հարաբերությունների բնույթն ու հեռանկարները, քանի որ նոր վտանգի առաջացումը Լեռնային Ղարաբաղում կախված է նրանից, թե որքանով ամուր կլինի դաշինքը Հայաստանի հետ և որքանով ուժեղ կլինի ինքը Հայաստանը, ինչ չափով նա կկարողանա վերականգնել և ամրապնդել իր ռազմական և տնտեսական ներուժը: Խոսքը երկարաժամկետ գործընթացների մասին է: Եվ որքանով է ռուս-հայկական դաշինքը արժանահավատ կողքից նայողների համար: Այժմ, քանի որ Ռուսաստանը ավելի շատ է ներգրավված Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակում, ռուս-հայկական դաշինքը նշանակություն է ստանում այն տեսանկյունից, թե ի՞նչ դեր է խաղում Ռուսաստանը տարածաշրջանում և պահպանո՞ւմ է, արդյոք, առաջվա պես իր գերիշխող դիրքերը: Այդ իսկ պատճառով ես կարծում եմ, որ Ռուսաստանի համար հիմա ավելի մեծ նշանակություն ունի, թե որքանով է Հայաստանը ուժեղ ռազմականա, տնտեսական, տեխնոլոգիական, ժողովրդագրական, արդյունաբերական և գիտական նվաճումների առումով»,- ասաց Նիկոլայ Սիլաևը: