Անկախ Բաքվի միակողմանի հայտարարություններից՝ մենք պնդում ենք, որ պատերազմը առկա խնդիրների լուծում չէ։ Ղարաբաղյան հակամարտությունը լուծված չէ։ Այս մասին փետրվարի 24-ին Հայաստան-ԵՄ Խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստի արդյունքներով ճեպազրույցի ժամանակ հայտարարել է հանձնաժողովի համանախագահ, Էստոնիան ներկայացնող Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Կալյուրանդը։
Նրա խոսքով՝ կոմիտեի այսօրվա նիստի շրջանակում կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի դիվանագիտական ջանքերի շարունակումը՝ արցախյան հարցի վերջնական և երկարաժամկետ լուծմանը հասնելու համար։
Կալյուրանդը նաև տեղեկացրեց, որ քննարկումների ընթացքում ընդգծվել է առանց բացառության բոլոր հայ գերիներին վերադարձնելու անհրաժեշտությունը։
«Մենք կշարունակենք դա պնդել այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանի բանտերում պահվող Հայաստանի բոլոր քաղաքացիները չեն վերադարձվել հայրենիք։ Ռազմագերիները և առհասարակ մարդկային կյանքերը չեն կարող առևտրի առարկա լինել։ Ուստի ԵՄ-ն ողջունում է ականապատ դաշտերի քարտեզները տրամադրելու Երևանի քայլը»,- ասաց եվրապատգամավորը։
Բացի այդ, քննարկումների ընթացքում կողմերն անդրադարձան հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրին, ինչպես նաև տարածաշրջանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության աշխատանքն ապահովելուն ուղղված քայլերին։ Կալյուրանդը նշեց, որ քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները, թե ինչպես առաջընթացի հասնել այդ հարաբերություններում:
Քննարկվել է նաև հաղորդակցությունների ապաշրջափակումը, երկաթուղու գործարկումը, ինչպես նաև այն միջոցառումները, որոնք կօգնեն աստիճանաբար հասնել համապատասխան լուծումների ձեռքբերման։
Նրա խոսքով՝ անդրադարձ է կատարվել նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրին և Վիեննայում կայանալիք հատուկ բանագնացների երկրորդ հանդիպմանը։