Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում շարունակվում է շինծու դատավարությունը Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ, որը շարունակում է ապօրինի կերպով պահվել Բաքվի բանտում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ հոկտեմբերի 28-ին Բաքվի ռազմական դատարանում կայացած նիստում դատավոր Զեյնալ Աղաևը հայտարարել է, որ նախորդ դատական նիստում Վարդանյանը հրաժարվել է իր պաշտպան Աբրահամ Բերմանի ծառայություններից՝ դատական նիստի ընթացքից դժգոհ լինելու պատճառով։ Վարդանյանը նաև դատարանին հայտնել է, որ ինքը պայմանագիր չունի այլ փաստաբանի հետ, և պետությունը կարող է իր հաշվին փաստաբան նշանակել։
Հոկտեմբերի 28-ի դատական նիստի ընթացքում դատավոր Զեյնալ Աղաևը հայտնել է, որ Ռուբեն Վարդանյանի նոր պաշտպանն Ադրբեջանի փաստաբանների կոլեգիայի անդամ Էմիլ Բաբիշովն է։
Նշվում է, թե, Ռուբեն Վարդանյանը իբր չի առարկել նոր փաստաբանի նշանակմանը։ Դատարանը տեղեկացրել է, որ պաշտպանին հնարավորություն կտրվի հանդիպել Վարդանյանի հետ ինչպես քննչական մեկուսարանում, այնպես էլ դատարանում՝ գործի նյութերին ծանոթանալու համար։ Հաջորդ դատական նիստը նախատեսված է նոյեմբերի 4-ին։
Ավելի վաղ Ռուբեն Վարդանյանը ընտանիքի միջոցով ներկայացրել էր իր փաստաբան Աբրահամ Բերմանի ծառայություններից հրաժարվելու պատճառը։
«Հոկտեմբերի 21-ի դատական նիստի ընթացքում հայտարարեցի իմ պաշտպան Աբրահամ Բերմանի ծառայություններից հրաժարվելու մասին: Սա հարկադրված որոշում էր: Միջազգային իրավունքի նորմերի, ինչպես նաև հենց ադրբեջանական դատավարական օրենսգրքի կոպտագույն խախտումներն այս լսումները վերածեցին բացահայտ ֆարսի: Այս պայմաններում պաշտպանության բոլոր դատավարական հնարավորություններն սպառված են:
1. Ինձ այդպես էլ թույլ չտվեցին ծանոթանալ գործի նյութերին և մեղադրական եզրակացությանը: Նյութերին հասանելիություն ունենալը մինչ օրս մերժվում է. ես չեմ կարողանում ծանոթանալ իմ գործի 422 հատորներին, դատարանը չի տրամադրել հիմնական դատավարական փաստաթղթերի պաշտոնական թարգմանությունը:
2. Ինձ դատարանում պաշտպանվելու հնարավորություն չի տրվել: Ես հնարավորություն չեմ ունեցել առանց սահմանափակումների և նախնական ստուգման փաստաթղթեր փոխանակել պաշտպանի հետ ՝ դատական նիստերին պատրաստվելու համար, հասանելիություն չեմ ստացել ձայնա և տեսանյութերին, որոնք ներկայացվում են որպես իմ մեղքի ապացույց:
3. Իմ բոլոր միջնորդություններն անտեսվել են քննչական մարմինների և դատարանի կողմից: Պաշտպանի կարևոր խնդրանքները, որոնք անհրաժեշտ էին արդար դատավարության համար, նույնպես մնացել են անպատասխան:
4. Պաշտպանից հրաժարվելու մյուս պատճառը դատարանի մերժումն էր հրավիրելու վկաների, որոնք կարող էին պարզաբանել գործի հանգամանքները և հաստատել պաշտպանության համար նշանակություն ունեցող փաստերը: Դատարանը հրաժարվեց բավարարել այս միջնորդությունը՝ վերջնականապես զրկելով գործընթացը օբյեկտիվության և արդարության որևէ նշույլից:
Ժամանակի ընթացքում իրավիճակը միայն վատթարացավ: Այս անհեթեթության թատրոնում պաշտպանի դերը, անկախ նրա ցանկությունից և ջանքերից, սահմանափակվում է միայն այս գործընթացի ձևական օրինականության ապահովմամբ: Ես հրաժարվում եմ մասնակցել այս ֆարսին: Ինձ պետք չէ պաշտպանության պատրանք. ես պահանջում եմ իմ դատավարական իրավունքների իրական պահպանում»,- նշել էր Վարդանյանը:
Ադրբեջանն ապօրինի կալանավորել և շինծու մեղադրանքներ է առաջադրել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Իշխանյանին, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին, Պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։
Կեղծ մեղադրանքներ են առաջադրվել նաև Վասիլի Բեգլարյանին, Էրիկ Ղազարյանին, Դավիթ Ալահվերդյանին, Գուրգեն Ստեփանյանին, Լևոն Բալայանին, Մադաթ Բաբայանին, Գարիկ Մարտիրոսյանին, Մելիքսեթ Փաշայանին։
Ռուբեն Վարդանյանի նկատմամբ քրեական գործն անջատվել է մյուսների գործից, դատաքննությունն անցկացվել է առանձին։
 
			






