Մայիսի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնելու է Չինաստան, որտեղ հանդիպելու է այդ երկրի նախագահ Սի Ծինփինի հետ: «Reuters»-ի փոխանցմամբ՝ բանակցությունների օրակարգում են Իրանը, Թայվանը, երկկողմ առևտրային հարաբերությունները և արհեստական բանականությունը։ Հանդիպումը դիտարկվում է որպես փորձ՝ կայունացնելու ԱՄՆ-Չինաստան լարված հարաբերությունները:
Նախատեսվում է, որ հանդիպման ընթացքում Չինաստանը կհայտարարի Boeing ինքնաթիռների, ամերիկյան գյուղատնտեսական ապրանքների և էներգակիրների խոշոր գնումների մասին։ Կողմերը նաև քննարկելու են «Առևտրային խորհրդի» և «Ներդրումային խորհրդի» ստեղծումը, որոնք պետք է դյուրացնեն փոխադարձ ներդրումները։ Բանակցությունների առանցքային կետերից մեկը լինելու է նաև հազվագյուտ հողային տարրերի մատակարարման շուրջ համաձայնագրի երկարաձգումը։ Քննարկվելու է նաև Իրանի ու ՌԴ շուրջ իրավիճակը:
Հիշեցնենք, որ Թրամփի և Սի Ցզինպինի վերջին հանդիպումը տեղի էր ունեցել անցյալ հոկտեմբերին Հարավային Կորեայում, որտեղ կողմերը համաձայնել էին դադարեցնել «առևտրային պատերազմը»։






