Անկարայում հուլիսի 7-ից 8-ը կկայանա ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը, որին ընդառաջ երկրի իրավապահ մարմիններն անցել են անվտանգության խստացված միջոցառումների։ Այդ մասին հայտնում է «Ermenihaber.am»-ը:
Ըստ հրապարակված տվյալների՝ գագաթնաժողովի անվտանգությունն ապահովելու նպատակով կներգրավվի շուրջ 56.000 անվտանգության աշխատակից, որոնցից մոտ 49.000-ը ոստիկանության համակարգի աշխատակիցներ են, իսկ 7.000-ը՝ ժանդարմերիայի ներկայացուցիչներ։
Անվտանգության միջոցառումների շրջանակում արդեն իսկ իրականացվել է մոտ 900 ստուգում (հատուկ գործողություն)։ Հսկողության տակ են վերցվել օրավարձով տրվող բնակարաններ, վարձույթով տրամադրվող մեքենաներ, զբոսայգիներ ու պուրակներ, ինչպես նաև առաջնորդների հյուրընկալման և պաշտոնական ծրագրերի անցկացման վայրերի շրջակայքը։
«Մեր առաջնահերթությունն է ապահովել, որ պետությունների ղեկավարներն ու պատվիրակություններն առանց որևէ խնդրի ավարտեն այս գագաթնաժողովը և գոհ հեռանան մեր երկրից»,- ընդգծել է Անկարայի փոխոստիկանապետը։
Գագաթնաժողովի ընթացքում իրավիճակին մշտապես հետևելու համար ստեղծվել են հատուկ ճգնաժամային կենտրոններ։ Գլխավոր կենտրոնը գործելու է Քաղաքային անվտանգության կառավարման համակարգի (KGYS) բազայի վրա, որտեղից կոորդինացվելու է տարբեր ստորաբաժանումների համատեղ աշխատանքը։







