Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան ծրագրում են առաջիկայում Աստանայի ձևաչափով բանակցություններ անցկացնել Սիրիայի Սահմանադրական կոմիտեի և Իդլիբ նահանգում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին ապրիլի 20-ին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ զրույցի ընթացքում։
«Զարիֆը նշել է, որ նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Գեյր Պեդերսենի հետ։ Նա նաև տեղեկացրել է Սիրիայի նախագահին, որ առաջիկայում կկազմակերպվեն բանակցություններ Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի միջև, որոնք հանդիսանում են Աստանայի գործընթացի երաշխավոր երկրներ», – ասված է Իրանի ԱԳՆ-ի կողմից հրապարակված մամլո հաղորդագրության մեջ։
Հայտնի է դարձել, որ Զարիֆն ու Ասադը քննարկել են նաև Սահմանադրական կոմիտեի հարցն ու Սիրիայում ընթացող քաղաքական գործընթացները, ինչպես նաև՝ Իդլիբում տիրող իրավիճակը։
Հավելենք, որ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր հերթին հայտարարել է, որ սիրիական հարցով եռակողմ հանդիպումը կկայանա ապրիլի 22-ին՝ հեռավար ձևաչափով՝ ԱԳ նախարարների մակարդակով։
Նշենք, որ Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման նպատակով բանակցությունները մեկնարկել են 2017թ․ հունվարի 23-24-ին՝ Աստանայում։ Ի սկզբանե բանակցություններին մասնակցում էին 7 պատվիրակություններ՝ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ինչպես նաև՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի և ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները։
Հանդիպումից հետո Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի մասնակցությամբ ձևավերվեց «Աստանայի եռյակը», որը հանդես եկավ որպես Աստանայում ընդունված որոշումների իրագործման երաշխավոր։ «Աստանայի եռյակի» վերջին հանդիպումը տեղի էր ունեցել 2019թ․ դեկտեմբերի 10-11-ին՝ Նուրսուլթանում։ Մինչ կորոնավիրուսի համավարակի տարածումը նախատեսված էր, որ երեք երկրների նախագահների հաջորդ հանդիպումը կանցկացվի 2020թ․ մարտին՝ Թեհրանում։ Հայտնի է, որ նախագահների՝ համավարակի պատճառով հետաձգված հանդիպումը կիրականացվի առաջին իսկ հնարավորության դեպքում։