Վրաստանում կառուցվող Անակլիայի խորջրյա նավահանգստի տարածք է մտել «Tristao Da Cunha» հողահան նավը։ Անհրաժեշտ ընթացակարգերից հետո այն կսկսի ծովի հատակի խորացման և նավահանգիստ տանող ջրանցքի կառուցման աշխատանքները։ Այս մասին հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը։
Նախատեսվում է ծովի հատակի խորությունը հասցնել 17,5 մետրի։ Հաջորդ փուլում կկառուցվի 1380 մետր երկարությամբ պաշտպանիչ պատնեշ։ Ըստ նախարարության՝ աշխատանքներն իրականացվում են նախատեսված ժամանակացույցով, իսկ ծովի հատակի խորացման փուլը նախատեսվում է ավարտել մինչև 2027 թվականի մայիսը։
Վրաստանի կառավարությունը ծրագրում է նավահանգստի շինարարության առաջին փուլն ավարտել մինչև 2029 թվականը։ Այդ փուլում նավահանգիստը տարեկան կկարողանա սպասարկել մինչև 600 հազար կոնտեյներ, իսկ ներդրումների ընդհանուր ծավալը գնահատվում է մոտ 600 միլիոն դոլար։
Անակլիայի նավահանգստի նախագիծը Վրաստանում հաճախ անվանում են «դարի նախագիծ»։ Հիշեցնենք, որ շինարարությունը տարիներ շարունակ ձգձգվել է, սակայն այժմ այն վերագործարկվել է՝ հաշվի առնելով Ասիան Եվրոպային կապող Միջին միջանցքի նկատմամբ աճող հետաքրքրությունը։








