Ադրբեջանի տարածքով երկաթուղով դեպի Հայաստան ցորենի մատակարարումները շարունակվում են։ Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այդ մասին ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Հարցին, թե Ադրբեջանի տարածքով ՀՀ ցորենի մատակարարումները չե՞ն շարունակվում, Գևորգ Պապոյանը պատասխանել է.
«Շարունակվում են, ճանապարհին հիմա նոր խմբաքանակներ կան»,- ասաց Պապոյանը։
Թե որ երկրներից է ներկրվում ցորենը, Պապոյանը մանրամասներ չհայտնեց.
«Երբ գա, ես տոննաներով կհրապարակեմ։ Այս պահին սրանից ավելին չեմ կարող ասել»,- նշեց Պապոյանը։
2025 թվականի նոյեմբերի 6-ին Ադրբեջանի տարածքով Հայաստան էր հասել ռուսական ցորենի խմբաքանակը։ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով երկաթուղով Հայաստան էր տեղափոխվել շուրջ 1000 տոննա ցորեն։ Նոյեմբերի 8-ին արդեն Ադրբեջանի տարածքով Հայաստան էր հասել ղազախական ցորենի խմբաքանակը՝ կրկին 1000 տոննա։
Մինչ այդ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը վերացրել է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել էր Ադրբեջանի այդ որոշումը և հայտարարել, որ Հայաստանն էլ իր հերթին վերացրել է բոլոր սահմանափակումները իր տարածքով դեպի Ադրբեջան բեռների տեղափոխման համար։
Նոյեմբերի 6-ին ՌԴ տրանսպորտի նախարարությունը հայտարարել էր, որ Ադրբեջանի տարածքով անցնող երկաթուղային ճանապարհով մինչև 2026 թվականի հունվարի վերջ ևս 132 վագոն ցորեն կարտահանի Հայաստան։







