Region Monitor-ը ներկայացնում է շաբաթվա ընթացքում Իրանում, Թուրքիայում Հվ. Կովկասում, արաբական մի շարք երկրներում տեղի ունեցած կարևոր զարգացումները և իրադարձությունները:
Այս շաբաթը հարուստ էր այցելություններով և հեռախոսազրույցներով:
Շաբաթվա սկզբում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական առաջին այցով մեկնել է Վրաստան: Վրաստանի նախագահի նստավայրում՝ «Օրբելիանի» պալատում նրան ընդունել է իր պաշտոնակից Սալոմե Զուրաբիշվիլիին: Նախագահները քննարկել են հայ-վրացական հարաբերություններին և զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր:
Այցի շրջանակներում Խաչատուրյանը հանդիպել է նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին:
Հայաստան է այցելել Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությունը: Նրանց ընդունել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Իսկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստան կայցելի հունիսի 8-ին:
Բայց այս՝ ԶԼՄ-ներում տեղեկություն է տարածվել, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը առաջիկայում նախատեսում է այցելել Իսրայել և Սաուդյան Արաբիա՝ էներգետիկ ճգնաժամի ֆոնին:
Իր հերթին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այցելել էր Սաուդյան Արաբիա և հանդիպել ՕՊԵԿ-ի անդամ պետությունների արտգործնախարարների հետ: Լավրովը հայտարարել էր, որ Պարսից ծոցի երկրները չեն միանալու Մոսկվայի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներին:
Իսկ Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուսթաֆա Շենթոփի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը ժամանել էր Բաքու՝ մասնակցելու Հասարակական գիտությունների միջազգային 7-րդ կոնգրեսին։
Այցելություններից բացի տեղի են ունեցել մի շարք հեռախոսազրույցներ:
Հունիսի 1-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության արտաքին հարաբերությունների պետնախարար Ադել Բին Ահմեդ Ալ-Ջուբեյրի հետ:
Կողմերը քննարկել են Հայաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև համագործակցության երկկողմ և բազմակողմ օրակարգերի ձևավորման, հարաբերությունների զարգացման հեռանկարները:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցներ էր ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ:
Հեռախոսազրույց են ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալրևը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Զրույցի ընթացքում Ալիևը տեղեկացրել է Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ կայացած հանդիպման մասին:
Իր հերթին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն էր տարածել: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Լիբանանում կայացել էր խորհրդարանի առաջին նիստը ընտրություններից ի վեր: Նիստի ընթացքում խորհրդարանի գործող նախագահ Նաբիհ Բերին վերընտրվեց իր պաշտոնում 65 պատգամավորների քվեարկությամբ: Նաբիհ Բերին խորհրդարանի խոսնակի պաշտոնում վերընտրվել է արդեն յոթերորդ անգամ չորս տարի ժամկետով:
Իսկ խորհրդարանի բյուրոյի 4 նորընտիր անդամներից մեկը հայազգի Լիբանանի ՀՅԴ կենտրոնական կոմիտեի և Հայկական պատգամավորական բլոկի ներկայացուցիչ Հակոբ Բագրատունին է:
Իսկ ԶԼՄ-ներում տարածվել են Լիբանանի վարչապետի հնարավոր թեկնածուների անունները: Գործող վարչապետ Նաջիբ Միկաթիի թեկնածությունը նույնպես հավանական է համարվել:
Հայաստանում Սիրիայի նորանշանակ դեսպան Նորա Արիսյանը հունիսի 2-ին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին։
Շաբաթը Թուրքիայում նույնպես ուշագրավ էր:
Այս օրերին թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր Սիրիայում Թուրքիայի կողմից հնարավոր ռազմական գործողությունը քրդական ուժերի դեմ , որոնք Անկարան համարում է ահաբեկչական:
Ինչպես տեղեկացրել էինք նախորդ շաբաթ, Թուրքիայի նախագահը հայտնել էր առաջիկայում քրդական ուժերի դեմ Սիրիայում նոր ռազմական գործողություն սկսելու մասին:
Այդուհանդերձ, այս շաբաթ թուրքական դիվանագիտական և ռազմական անանուն աղբյուրները կատարական հայտնի լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտնել էին, որ Անկարան հետաձգել է ռազմական գործողությունը:
Իրենց հերթին ԱՄՆ-ն ու Ռուսաստանն անհանգստություն էին հայտնել Սիրիայում Թուրքիայի հնարավոր ռազմական գործողության սկսելու վերաբերյալ:
Էրդողան էլ անդրադարձել էր հայ-թուրքական հարաբերություններին՝ նշելով «Մենք անկեղծաբար շարունակում ենք Հայաստանի հետ կարգավորման գործընթացը»